

Ամենայն հավանականությամբ կառավարության հենց վաղվա նիստում կներառվի Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողնելու Ջրային կոմիտեի առաջարկը: Կողմերը փորձում են լուծումներ գտնել:
«Ջուրը այդուհանդերձ Սևանա լճից բաց կթողնվի»,-«Ռադիոլուր»-ին այսօր ասել է Ջրային կոմիտեի նախագահ Իննեսա Գաբայանը ու վստահեցրել՝ ոչ մի կաթիլ ջուր ճանապարհին չի կորի:
Եթե խորհրդարանը նախագիծը չհաստատի, Ջրային կոմիտեի նախագահի խոսքով, խնդիրների առաջ կկանգնեն ավելի քան 55 հազար գյուղացիական տնտեսություններ:
Կգնա՞ կառավարությունը զիջումների, թե՞ ոչ, բաց կթողնվի՞ Սևանա լճից լրացուցիչ ջուր, թե՞ ոչ. Ջրային կոմիտեում հարցի պատասխանին դեռ սպասում են: Խնդրի լուծումը մոտ է: Կոմիտեի նախագահ Իննեսա Գաբայանը փաստում է՝
«Եկանք համատեղ համաձայնության. հիմնականում բնապահպանները առաջարկեցին, որպեսզի մինիմում լինի ազդեցությունը, մինչև 25 մլն խորանարդ մետր՝ զրոյական պահելով Սևանի բալանսը: Այսինքն, որ մինուս չիջնի մակարդակը, չիջնի ներքև»:
Գաբայանի փոխանցմամբ, սա ոռոգումը ավարտելու համար բավարար չի, հաշվարկել էին մինչև 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր: Ջրային կոմիտեին այս անգամ կառավարությունում աջակցելու էին եկել ոռոգման ջրի խնդիր ունեցող մարզերի ղեկավարները:
Մինչ կառավարման մարմինները փորձում են փաստարկներ ու հակափաստարկներ գտնել, Արմավիրի ու Արարատի մարզերի գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրի բացակայության պատճառով կորցնում են բերքը:
Արարատի մարզի Քաղցրաշենի գյուղապետ Վալերիկ Գյուլամիրյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ իր ղեկավարած համայնքում հիմնականում ինքնահոս եղանակով են ջրում այգիները:
Ջրային կոմիտեում խոստանում են՝ Սևանա լճի ջուրը արդյունավետ կօգտագործեն՝ կազմակերպելով շրջանառու ոռոգում. տասնօրյա ոռոգման հատվածը բաժանել են փուլերի՝ երեք օր փակում են ջուրը, յոթ օր բաց թողնում: Անում են հնարավոր ամեն ինչ՝ Սևանա լճից քիչ ջուր վերցնելու համար: Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայան:
«Վարչապետը որոշեց՝ հավելյալ յուրաքանչյուր խորանարդ մետր ջուրը բաց կթողնվի իր թույլտվությամբ, իրացությամբ, գործընթացը կվերահսկեն շահագրգիռ տարբեր կողմերի ներկայացուցիչները: ԱԻՆ-ը կլինի, վարչապետն առաջարկել է անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև ոստիկանությանը: Գիշեր-ցերեկ պետք է հսկվի Սևանից հավելյալ թողքը»:
«Առանց Սևանից հավելյալ ջրառի՝ անհնար է ավարտել ոռոգման սեզոնը»,- վստահեցնում է Ջրային կոմիտեի նախագահը:
Ոլորտի երկարամյա փորձագետը պնդում է՝ հաջորդ տարի էլ ենք ապավինելու Սևանա լճին, միայն թե իրավիճակը փոքր-ինչ կշտկի Արփա-Սևան թունելի գործարկումը: Եթե, այդուհանդերձ, խորհրդարանը չհաստատի Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու առաջարկը, գյուղացիական 55 հազարից ավելի տնտեսություններ շատ ավելի լուրջ խնդիրներ կունենան՝ շեշտում է Ջրային կոմիտեից նախագահը:




