

ՖԲ-ն եւ «լայֆ»-ը ոչ միայն ժամանակակից կյանքի անբաժանելի մասն են դարձել, այլեւ գրեթե իշխանության մաս՝ նոր Հայաստանում: Ֆեյսբուքն արդեն մթնոլորտ է թելադրում, ձեւավորում, նորություններ է փոխանցում եւ քաղաքական համակարգում գործոն դառնում:
«Թավշյա» հեղափոխությունից հետո ձեւավորվեցին նոր իրողություններ նաեւ քաղաքական գործիչների ու ԶԼՄ- ների:
Վարչապետի պաշտոնավարման 100 օրվան ընդառաջ «Ռադիոլուր» այսօր անդրադարձել է նոր իրողություններին՝ «թվային ժողովրդավարության» տեսանկյունից:
Ես այժմ կանգնած եմ Բաղրամյան 26 հասցեում: Մայիսի 8-ից հետո այստեղ ոչինչ չի փոխվել՝ նույն պատնեշներն են եւ ճաղերը: Այստեղ մտնելը նախկինի պես հեշտ գործ չէ:
Բայց ինչ կա Բաղրամյան 26 շենքի ներսում կամ կառավարական ամառանոցներում. ՀՀ շարքային քաղաքացին այսօր արդեն գիտի, տեսել է սեփական աչքերով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան է «լայֆ»-ի օգնությամբ: Գրեթե 100 օր առաջ՝ մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց հետո նա հենց այդ օրը երեկոյան մտավ ոչ միայն Բաղրամյան 26-ի ճաղերից այն կողմ, այլեւ՝ շենքի ներսից մտավ ուղիղ եթեր:
Վարչապետի կարգավիճակում շուրջ 3 տասնյակի հասնող «լայֆ» է արդեն արել Փաշինյանը՝ կիսվելով օրվա քաղաքական նորություններով, պատասխանելով քաղաքացիների հարցերին եւ մտահոգություններին: Իսկ ընդհանրապես նոր՝ «թվային» մշակույթ քաղաքականություն նա ներմուծեց 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ քարոզարշավի մեկնարկին հենց ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրաժեշտ տալով իր ընտանիքին:

Վարչապետի ցանկացած ուղիղ միացումն ունի իր ավանդույթները՝ ողջույնի եւ հրաժեշտի խոսքերը գրեթե անփոփոխ են, ձեւավորվել են «թավշյա» հեղափոխության օրերին:
«Թվային ժողովրդավարության» գործիքը լավ եւ հարմարավետ համարեցին նախարարները: Նրանց մի մասը հետեւեց վարչապետի օրինակին եւ այժմ ասելիքը փոխանցում է ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով: Նորերի գործիքը դուր եկավ նաեւ հներին: Օրինակ՝ ֆեյսբուքյան քննարկումներ քաղաքական գործիչներից փորձում է կազմակերպել նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Երկու այդպիսի քննարկում արդեն եղել է:
«Թվային ժողովրդավարությունը» նոր է Հայաստանի համար, բայց կան երկրներ, որտեղ դա սովորական երեւույթ է, ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության մեդիա փորձագետ Աննա Փամբուխչյանը:
Ֆեյսբուքի «լայֆերի» թելադրած նոր իրողություններում ԶԼՄ-ները կորցրեցին միջնորդի դերը իշխանության եւ հասարակության միջեւ: Ֆեյսբուքից կառչած լինելու եւ տարբեր անհատների ու գործիչների առանձին էջերին հետեւելու անհրաժեշտությունը մտահոգություն է առաջացրել մի շարք լրատվամիջոցների մոտ:
Այդ ԶԼՄ-ների ղեկավարներն անգամ ահազանգ հնչեցրին՝ տուժում է հրատապ լրատվությունը: «Թվային ժողովրդավարության» մեջ եւ դրական, եւ բացասական տարրեր է տեսնում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Այս ամենը փաստում է, որ մասնագիտությամբ լրագրող վարչապետի ներմուծած «թվային ժողովրդավարությունը» վաղ թե ուշ փոխելու է նաեւ լրատվության որակը՝ այն դարձնելով ավելի վերլուծական, հետաքննական եւ որակյալ:




