

Հայաստանն ընդամենը երկու հարևան ունի, որոնց հետ հարաբերություններ գոյություն ունեն, սակայն դրանցից մեկի՝ Իրանի նկատմամբ սահմանած ամերիկյան պատժամիջոցները հարցեր են առաջացնում նաև Երևանի համար: Նիկոլ Փաշինյանի Իրան հրանավոր այցը որքանով ազդեցություն կունենա Հայաստանի վրա միջազգային հարաբերություններում:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը տեղին է համարում Իրան ՀՀ վարչապետի հնարավոր այցը, ինչի մասին խոսվել էր ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ու ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադի հետ հանդիպման ժամանակ։ Այդ հանդիպման ժամանակ նաեւ շեշտվել էր, որ կառավարության ծրագրում հստակորեն ամրագրված է Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, հետևաբար վարչապետի Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել այս համատեքստում։

Իհարկե հանդիպման հստակ ժամկետներ չեն նշվում առայժմ: Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների պայմաններում ամենևին էլ վատ ֆոն չի ստեղծվի միջազգային ասպարեզում, քանի որ, ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ում ըմբռնումով են մոտենում Հայաստանի խնդիրներին:
ԱՄՆ Իրանի էներգետիկ ոլորտի վրա է նաև պատժամիջոցներ սահմանել և ՀՀ-ն դրանից բնականաբար տուժելու է՝ ասում է քաղաքագետը։ Միաժամանակ կասկածում է, թե այդ պատժամիջոցները իրականում հնարավոր է իրագործել։ Այդուհանդերձ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ճիշտ է համարում բալանսավորված հարաբերությունների գոյությունը:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նախ ընդգծեց, որ պետք է հաշվի առնել՝ երկրում իրավիճակ է փոխվել և պետք է երկու երկրների առաջնորդները համագործակցությունը խորացնելու, նաև նոր ծրագրեր կազմելու շուրջ քննարկումներ ունենան։ Առավել ևս, որ Իրանը Հայաստանի համար կարևոր հարևան է. «ՀՀ ունի իր շահերը, անկախ պատժամիջոցներից»:
Իրանագետը բացառում է որևէ բացասական արձագանք Արևմուտքից Նիկոլ Փաշինյանի Իրան հնարավոր այցի դեպքում: Բոլորը լավ հասկանում են, որ ՀՀ 4 հարևաններից միայն երկուսի հետ հարաբերություններ ունի, և այդ երկուսից յուրաքանչյուրը կենսական նշանակություն ունի մեզ համար: Ըստ այդմ՝ Արտյոմ Տոնոյանն ընդգծում է՝ որքան արագ իրականացվի ՀՀ վարչապետի Իրան այցը, այնքան ավելի լավ Երևանի համար։ Դա մեր շահերից է բխում՝ ասում է:




