ԿարևորՔաղաքական

Հայաստանը ինչպես կարող է հետ բերել ապօրինի դուրս բերված գումարները

ՄԱԿ-ի Կոնվենցիայի 5-րդ գլխում հստակ նշված է, որ ակտիվների վերականգնումը կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային նախապատվություններից մեկն է: Իրականում ակտիվների պահանջի գործընթացը նախաձեռնելու համար տուժող երկրից պահանջվում է քաղաքական կամք եւ երկարատեւ ու մանրակրկիտ աշխատելու պատրաստակամություն: ՀՀ կառավարությունն առաջին քայլն արդեն արել է ՀՀ համար աննախադեպ գործընթաց նախաձեռնելու համար: Խոսքը Հայաստանից գողացված եւ պետությունից դուրս բերված գումարների վերադարձի մասին է:

 

Որեւէ մեկն այս պահին հստակ թիվ չի կարող ասել, թե որքան գումար է իրականում ապօրինի դուրս բերվել Հայաստանից եւ յուրացվել: Բայց դրա մասին խոսել են շատ եւ պարբերաբար: Քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը, օրինակ, ահազանգել է շուրջ  30 միլիարդ դոլարի դուրս բերման մասին: ՀՀ կառավարությունը խոսքերից որոշել է անցնել գործի՝ հետ բերել կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման եւ այլ ապօրինի ճանապարհներով կուտակված այն փողերը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը այս հարցով դիմել է ՀԲ-ին՝ տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում. <<Մեր երկրից թալանված եւ արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի եւ վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր <<Սթոլեն ասեթ ռեքովերի ինիշիաթիվից>> խորհրդատվական եւ տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային բանկի ղեկավարությանը»։

Անգլերեն հապավումով StAR-ը, իսկ թարգմանաբար՝ Հափշտակված ակտիվների վերականգնման նախաձեռնությունը, այն գործիքն է, որը ստեղծվել է ՀԲ-ի խմբի եւ ՄԱԿ-ի թմրամիջոցների վերահսկման ծրագրի ու Միջազգային հանցավորության կանխարգելման կենտրոնի համագործակցությամբ:

Միջազգային պրակտիկայում արդեն կա նախադեպ, երբ վերականգնվել են գողացված ակտիվները: 2005-ին Նիգերային հաջողվեց վեկանագնել 1,2 միլիարդ դոլարը, որը յուրացվել էր նախկին նախագահ Սանի Աբաչայի կողմից:

Առաջին փոխվարչապետի նամակն առաջին քայլն է գործում, որը պահանջելու է երկարատեւ աշխատանք եւ մեծ ջանքեր՝ <<Ռադիոլուր>>-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը: Արարատ Միրզոյանի նամակը ՀԲ-ին ընկալել է իբրեւ տեղեկատվություն ստանալու քայլ:

Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավանդյանը չհաստատեց այդ օրերին մեծ ծավալով փողերի արտահոսքի մասին խոսակցությունները: Ասաց՝ շարժ եղել է, բայց հետո գումարի մի մասը վերադարձվել է՝ ասածը հիմնականում առնչվել է ավանդներին: Ընդհանրապես, ասում է՝ Կենտրոնական բանկը վերահսկողության մեխանիզմներ ունի:

Կանխիկ գումարի տեղափոխման վրա դրված սահմանափակումները նույնպես գործիք են՝ ասում է Ջավադյանը, բայց հաստատում է, որ թվային արժույթն այդ առումով վերահսկողությունից դուրս է եւ անօրինական գործաքները կարող են իրականացվել նաեւ այդ ճանապարհով:

Վերադառնանք StAR-ի աշխատանքին, այսինքն՝ այն գործիքին, որի կիրառման թույլտվությունը ստանալու համար Հայաստանի առաջին փոխվարչապետը դիմել է ՀԲ-ին: Ծանոթանալով կառույցի աշխատանքներին կարելի է առանձնացնել մի քանի հստակ քայլեր: Նախ՝ տուժած երկիրը պետք է հաջողության հասնի գողացված ակտիվների հետաքննության հարցում, այնուհետեւ տուժած երկիրը պետք է իրավական  համագործակցության հայտ ուղարկի այն իշխանություններին, որ երկրներում գտնվում են գողացված ակտիվները:

Երրորդ քայլը նախատեսում է, որ իրավական գործընթացները նախ՝ պետք է սկսվեն հայցվոր երկրում: <<Ռադիոլուր>>-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը չբացառեց, որ այսպիսի գործընթացները կարող են հիմք դառնալ նոր հնչեղ քրեական գործերի համար: Միայն այսպիսի քայլերից հետո է միջազգային գործիքակազմը թույլ տալիս տուժած երկրին վերադարձնել պահանջվող ակտիվները:

Կարդացեք նաև

Back to top button