

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը մոտ 20 օր առաջ անձամբ է խոսել «Սանիտեք» ընկերության տնօրենի հետ՝ պարզելու, թե ինչու է քաղաքն աղբի մեջ կորած: Տնօրինությունը ավագանու անդամին խոստացել է մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում քաղաքը բերել իդեալական վիճակի: Սակայն ընկերությունը այդպես էլ խոստումը չի կատարել, քանի որ քաղաքը դեռևս թաղված է աղբի մեջ: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ասում է, որ այսօր ընկերության հետ պայմանագիրը խզելու բոլոր բավարար հիմքերը կան: Նա պատմեց, որ չորս տարի առաջ նախատեսված է եղել Երևանը բաժանել երկու պայմանական մասի՝ արևելյան ու արևմտյան: Այդ երկու մասերի համար պետք է հայտարարվեր մրցույթ, իսկ շահագործումն էլ հանձնվեր աղբահանությամբ զբաղվող երկու օպերատորի: Այս դեպքում կլիներ մրցակցություն և պարզ կլիներ՝ թե ով է ավելի պատշաճ կատարում իր պայմանագրային պարտավորությունները:
Սակայն տարիներ առաջ կնքվել է մի պայմանագիր միջազգային «Սանիտեկ» կազմակերպության հետ, որը գրանցված է Բեյրութում, իսկ երկրորդ օպերատորի համար մրցույթ այդպես էլ չի հայտարարվել: Մի քանի օր առաջ գրանցել են «Սանիտեկ Ինթերնեյշնլ», որը հանդիսանում է այլ իրավաբանական անձ, սակայն այդ պայմանագրերի տակ ստորագրած անձը նույնն է, և նա է իրականացնում ամբողջ քաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը:
Պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար աղբահավաք ընկերությանը Երևանի քաղաքապետարանը տուգանեց 25 հազար դոլարով։ Ընկերության գործադիր տնօրենի օգնական Քրիստինե Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ այդ որոշումը չեն բողոքարկելու:
Քաղաքապետարանի որոշման հրապարակումից առաջ «Սանիթեքն» իր դժգոհությունն էր հայտնել քաղաքային իշխանությանը՝ ներկայացրել աղբանոցների ողբալի վիճակը, աղբատար խողովակների հետ կապված խնդիրները և այլն: Ավագանու անդամ Անի Սամսոնյանը նշում է, որ ընկերությունը միշտ էլ աշխատել է խախտումներով:
Ավագանու «Ելք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ պնդում է, որ պետք է խզել պայմանագրերից մեկը, հայտարարել միջազգային մրցույթ, ներգրավել նոր օպերատոր, որը մայրաքաղաքի մյուս կեսում կիրականացնի աղբահանության և սանմաքրման աշխատանքներ:
Ի դեպ, «Սանիթեք» ընկերություն գործադիր տնօրենի օգնականը չմեկնաբանեց նաև այսօր ասուլիսում հնչած «Ելք»-ի ավագանու անդամների դիտարկումները:
Արդյո՞ք պայմանագրային պարտավորությունների պատշաճ չկատարումը կարող է պատճառ հանդիսանալ պայմանագրի խզման՝ Երևանի քաղաքապետարանից մեզ խոստացան պատասխանել հաջորդ շաբաթ:




