Մինչեւ տարեվերջ կողմերը կարող են կոնկրետ արդյունքներ արձանագրել եւ Շվեյցարիայի միջնորդությամբ գործի Հարավային Օսիայով անցնող ճանապարհը՝ «Ռադիոլուրին» տված հարցազրույցում այսօր ասել է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը:
«Լարսին լաստանավից բացի եւս մեկ այլընտրանք կա. նախկին Հարավային Օսիայով անցնող ճանապարհը։ Սակայն չպետք է մոռանանք, որ մեր երկու բարեկամ երկրների՝ Ռուսաստանի ու Վրաստանի միջև քաղաքական խնդիր կա: Երկուսն էլ բարի կամք են դրսևորել և այսօր համագործակցում են շվեյցարական SGS կազմակերպության հետ: Այն պետք է միջանկյալ հատվածում ապրանքը ստանա մի պետությունից և հանձնի մյուս պետությանը»,- այսօր Ռադիոլուրին տված հարցազրույցում հայտնել է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը:
Նրա խոսքով, մինչև տարեվերջ կողմերը կոնկերտ եզրահանգման կգան, քանի որ այս իրավիճակը վատ է անդրադառնում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի, Վրաստանի ու երրորդ երկրների վրա:
Աշոտ Հակոբյանը, որը նոր է վերադարձել Վերին Լարսի անցակետից՝ Վրաստանից դեպի Ռուսաստան հատվածում մոտ 600 բեռնատար ու 500 մարդատար մեքենաների կուտակումներ է նկատել: Նշեց, որ ստեղծված այդ իրավիճակը քաղաքական ենթատեքստ չունի, կապված չէ նաեւ հայկական կողմի հետ։
Խնդիրներն առաջացել են անցակետի կարողությունների պատճառով: Նախորդ տարվա համեմատ ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 40 տոկոսով:
Աշոտ Հակոբյանը, ստեղծված իրավիճակի համար հայցում է վարորդների ներողամտությունը, նաեւ արձանագրում, որ բեռնափոխադրողներն իրավիճակն ավելի իրատեսական են գնահատում, քան որոշ մարդիկ, որոնք ապատեղեկատվություն են տարածում: