
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը դեռ հայտնի չէ, բայց քաղաքական ուժերն ակտիվորեն սկսել են նախապատրաստվել: Դաշինքներում ու կուսակցություններում նախընտրական խմորումներ են, քննարկումներ, անսպասելի հայտարարություններ: Առայժմ քաղաքական ուժերից 3-ն են մասնակցության հայտ ներկայացրել՝ «Բարգավաճ Հայաստան», «Երկիր ծիրանի» , Հայոց համազգային շարժում» կուսակցություններում: «Քաղաքացիական պայմանգիր»-ը հայտարարել է, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, բայց մինչև վերջ չի բացել փակագիծը՝ կուսակցությունը միայնա՞կ, թե՞ դաշինքով է գնում արտահերթ ընտրություններին: Ավագանու ընտրությունները ուշագրավ են այն առումով, որ առաջինն են թավշյա հեղափոխությունից հետո և նախորդելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Քանի դեռ չի հայտարարվել, որ «Ելք» դաշինքն այլևս գոյություն չունի, Երևանի ավագանու ընտրություններին միասին մասնակցելու հնարավորությունը պահպանվում է: Դաշինքը կազմող 3 ուժերից մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», թեև արդեն հայտարարել է, որ իր ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը, բայց նաև չի հստակեցրել ՝ առաջիկա ընտրություններին դաշինքո՞վ, թե՞ առանձին ցուցակով է մասնակցելու։

Սա նշանակում է, որ դաշինքով մասնակցելու հնարավորությունը դեռ սպառված չէ՝ «Ռադիոլուր» -ին ասում է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը: «Կա ցանկություն և նպատակադրում «Ելք» դաշինքի ձևաչափը պահպանելու: Մենք, ըստ էության սպասում ենք ՔՊ մեր գործընկերների արձագանքին ու վերջնական որոշմանը: Կարծում ենք, որ հանրության մեջ էլ կա այդ սպասումը»:
Խաժակյանը կարծում է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում վերջնական որոշումները պարզ կլինեն: Բայց դրանից անկախ՝ «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստվում է նաև երկրոդ սցենարին՝ «Հանրապետություն» կուսակցության հետ առանձին դաշինքով ընտրություններին մասնակցելուն ՝ առաջարկելով իր թեկնածուին, սա այն դեպքում եթե «Քաղաքացիական պայմանագիրը», որոշի առանձին մասնակցել ընտրություններին:Այս տարբերակի համար քննարկում են «Հանրապետություն» կուսակցության անդամ, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին թեկնածությունը:
Վաղ է եզրակացություններ անել, որ «Ելք»-ը պառակտվել է։ Այս հայտարարությունը երեկ կառավարության նիստից առաջ արեց ՔՊ կուսակցության ներկայացուցիչ, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, և անմիջապես հետո էլ մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց.
«Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում, իհարկե, ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը և հեղափոխության արժեքները և նպատակները: Եվ այդ քաղաքական ուժը կստանձնի այդ արժեքների հիման վրա ընկած բոլոր փոփոխությունների պատասխանատվությունը և կդառնա այդ փոփոխությունների դրոշակակիրը»:
Չնայած այս հայտարարությունն արվել է, և ՔՊ-ի կողմից էլ Հայկ Մարությանի թեկնածությունն առաջադրվել է, բայց դաշիքնով թե առանց դաշինքը հարցը դեռ պաշտոնական պատասխան չի ստացել:

Ոչ պակաս ուշագրավ իրավիճակ է «Ծառուկյան» դաշինքում. Արդեն հայտնի է, որ այս միությունից երկու քաղաքական ուժ կմասնակցի ավագանու ընտրություններին: ԲՀԿ ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ևս կմասնակցի առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով «Հայոց համազգային շարժում» կուսակցության ցուցակը: Այս երկու որոշումներն էլ հայտնի դարձան ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո: Արդյո՞ք ԲՀԿ նիստում է կայացվել ՀՀՇ-ի մասնակցության որոշումը ՝ հարցնում եմ Նաիրա Զոհրաբյանի:
«Որոշում կայացրել է ՀՀՇ-ն, պարզապես Արարատ Զուրաբյանը՝ որպես խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նիստում մեզ տեղեկացրել է: Դե յուրե իրավունք ունի, իսկ թե ինչ մեկնաբանություններ են , դրանք թողնում եմ մեկնիչներին»:
Ծառուկյան դաշինքն այսօր ուշադրության կենտրոնում էր նաև այն հայտարարության պատճառով, որը երեկ ուշ երեկոյան արել էր խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: Պատգամավորը ֆեյսբուքյան գրառմամբ կասկածի տակ էր դրել Նաիրա Զոհրաբյանի թեկնածության արդյունավետությունը, գրել էր ԲՀԿ-ում շատ ավելի ունակ և արժանավոր կադրեր կան, իսկ Զոհրաբյանի թեկնածությունը էապես նվազեցնում է ԲՀԿ-ի հաջողության հնարավորությունները: Ինքը Նաիրա Զոհրաբյանը որոշել է ընդհանրապես չարձագանքել այս հայտարարությանը:
«Ոչ այսօր, որ վաղը այդ հայտարարությանը չեմ անդրադառնալու: Մենք ավելի կարևոր գործեր ունենք»:
Գևորգ Պետրոսյանն այսօր երկրորդ հայտարարությունն արեց, բացատրեց, որ իր երեկվա հայտարարությունը «որոշակի շրջանակներ» անպատեհ շահարկում են: «Ասել եմ և կրկնում եմ. Երևանի ավագանու ընտրություններում Նաիրա Զոհրաբյանի առաջնորդությանը չսատարելը բացարձակապես կապ չունի իմ և իմ հարգարժան ղեկավար պարոն Ծառուկյանի փոխհարաբերությունների հետ»,- գրել է Գևորգ Պետորսյանը:
Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին ավելի վաղ հայտարարել է «Երկիր Ծիրանին» , մասնակցելու մտադրության մասին բարձրաձայնել է ՀՅԴ-ն։ Գործող ավագանու մեծամասնություն կազմող ուժը ՝ ՀՀԿ-ն դեռ չի հստակեցրել հարցի պատասխանը ՝ մասնակցելու է արտահերթ ընտրություններին թե ոչ: Դրանք, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան սեպտեմբերի վերջին: Թերևս կառավարության հաջորդ նիստում որոշում կկայացվի գործող ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին: Արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն այդ որոշումից հետո ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:




