
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ասաց, որ քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ ՀՔԾ պետն այն պաշտոնյան չէ, ով պետք է մեկնաբանի այլ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերը, ինքը ներկայացնում է իր կարծիքը:
«Այս գործընթացը խիստ իրավական ընթացակարգերում է, և շահարկողներին, ովքեր բազմիցս ասել են, թե իբր ՀՔԾ մեղադրանքի որոշման մեջ կասկածի տակ է դրվում ընտրությունների արդյունքները, ուզում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ մեր որոշման մեջ նման դրույթ չկա: Մենք կասկածի տակ չենք դրել ընտրության արդյունքները: Մենք ընդամենը նշել ենք, որ քաղաքացիները, որոնք ընտրությունների արդյունքները համարել են կեղծված, դուրս են եկել փողոց իրենց իրավունքները վերականգնելու համար»,-ասել է Սասուն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է լրիվ ծավալով քննություն իրականացնելու համար:
«Խափանման միջոցն ընտրվում է՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ ապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում: Հասարակության մեջ թյուր կարծիք կա, որ պատշաճ վարքագծի ապահովումը պարզապես փախուստի դիմելու հավանականությունը բացառելն է: Բայց մոռացվում է երկրորդ առավել կարևոր հանգամանքը, որ պատշաճ վարքագծի բաղադրիչը մեղադրյալի կողմից վարույթին մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելն է: Հենց այս կարևոր նախապայմանից ելնելով՝ ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է, որ կարողանանք լրիվ ծավալով քննություն իրականացնել»,-ասել է ՀՔԾ պետը:
Լավրովը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, հայտարարել էր, որ «Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված հայտարարություններին»։




