

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային շահերին քաղաքական դավաճանություն, ասում է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը արձագանքելով նրա կողմից հնչեցրած հայտարարությանը թե իբր գործ ունենք ոչ թե ազատագրած, այլ զավթած տարածքների հետ, որոնք պետք է հետ վերադարձվեն Ադրբեջանին:
Բաբայանի խոսքով նման անձանց հայտարարությունները արդարացում չունեն, այդպիսի մարդիկ պիտի ամաչեն փողոց դուրս գալ:
Հայտարարությանն անդրադարձել է նաև արցախցի քաղաքագետը:
Հայկական պետականությունը պետք է պատրաստ լինի հողեր հետ բերելու, ոչ թե տալու՝ արցախցի քաղաքագետ Հրաչյա Հարությունյանը տարօրինակ է համարում ազատագրված տարածքների վերադարձի մասին հայտարարությունները, այդ տարածքների հարցը վաղուց լուծված է և այսօր պետք է մտածել այլ կարևոր խնդիրների մասին՝ ասում է:
«Վաղուց լուծել են այդ հարցը և այսօր այլ հարցեր կան Նախիջևան, Արևմտյան Հայաստան»:
Տարածքների իբր գրավյալ լինելու մասին հայտարարությունն արել էր ՀԱԿ անդամ Զոյա Թադրոսյանը՝ պնդելով, թե խոսում է փաստերով.
«Արցախի ազատագրված տարածքներն իրականում ազատագրված չեն, գրավյալ տարածքներ են։ Գրավյալ տարաքները Ադրբեջանի տարածքներն են»:
Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի համոզմամբ՝ ազատագրված տարածքները գրավյալ որակելու և դրանց վերադարձի մասին հայտարարությունները չպետք է տագնապ առաջացնեն, քանի որ հնչում են մարգինալ ուժերի կողմից ու ամենևին էլ արժանի չեն ուշադրության:
«Դա պարզապես հնարավորություն է լինել հասարակության ուշադրության կենտրոնում։ Դա լոկալ տակտիկական հարց է, որովհետև ռազմավարական և արտաքին գործերի կամ տարածաշրջանային ոլորտներում ոչ մի նման հարցի մասին խոսք չկա»:
Նման հայտարարություններին հակազդելու և սպասվող վտանգը չեզոքացնելու նպատակով՝ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել արցախցիներին դուրս գալ փողոց և վերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի դեմ: Նա անթույլատրելի է համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջադրումը հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանն ակտիվ նախապատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսման ու առավել կոշտացնում իր առավելապաշտական մոտեցումները:




