

Վերջին տարիներին քաղցկեղն աշխարհի ամենատարածված հիվանդությունների ցանկում առաջատարներից է: Դարի հիվանդություն անունը ստացած քաղցկեղի բազում տարատեսակները տարեկան միլիոնավոր մարդկանց կյանք են խլում:
Ուռուցքաբանության ազգային կենտրոն տարեկան դիմում է 300 000 քաղաքացի: Նրանցից 100 000-ը ենթական են ստացիոնար բուժման: Տարվա ընթացքում կատարվում է չարորակ և բարորակ գոյացությունների 3 500-3 800 վիրահատություն:
Այսօր թոքի քաղցկեղի կանխարգելման միջազգային օրն է:
Թոքերի քաղցկեղից մահացած 4-ից մեկն օրական մեկ տուփ ծխախոտ է օգտագործել. սա վիճակագրություն է, ներկայացնում է բժիշկ-ուռուցքաբան, «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիոթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը:
Հայաստանում տարեցտարի գրանցվում է թոքի քաղցկեղի աճ: Գրանցված դեպքերի 80-90 տոկոսի դեպքում մարդիկ ունենալու են կարճ կյանք՝ պատճառներից մեկը հիվանդությունը 3-րդ կամ 4-րդ փուլում հայտնաբերելն է:
Բոլոր չարորակ ուռուցքներն են երիտասարդանում` շեշտում է բժիշկ-ուռուցքաբանը։ Թոքի ուռուցքը բացառություն չէ: Այստեղ էլ պատճառները շատ են, առաջնայիններն է թվում:
«Եթե երիտասարդ քաղաքացու հայրն ու պապը ծխախոտ են օգտագործել, գենետիկորեն փոխանցվում է ու կոտակվում է այդ բացասական գործոնը: Միջավայրն է փոխվել, մի քանի անգամ ախտոտվել: Այս պայմաններում հիվանդությունը երիտասարդանում է»:
Ծխախոտը համարվում է թոքի քաղցկեղի առաջացման թիվ մեկ պատճառը։ Ուրոլոգ, առողջության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանն այս հարցը չի քննարկում, բայց մեղքը բարդել միայն ծխախոտի վրա և պայքարել ծխելու դեմ անիմաստ ու անարդյունավետ է համարում:
Այլ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ խոսքից անցնել գործի:
«Ուռուցքաբանական հիվանդություններ ունեցողների բուժման համապատասխան պայմաններ պետք է առաջարկվեն: Այսօր քաղցկեղի համար պետության կողմից որևէ արտոնություն չի ստեղծվում: Պետպատվերով ինքա՞ն է գնահատվում քաղցքեղի բուժումը: Դրանք կոպեկներ են: Շատ դեպքերում քաղցկեղի բուժման վիրահատության ինքնարժեքն ավել է քաղ պետության փոխանցած գումարը»:
Ռադիոիզոտոպային կենտրոնի բացումը կարող էր բազմաթիվ կյանքեր փրկել։ Այն չբացվեց եւ դա մեծ բացթողում է՝ ասում է Գևորգ Գրիգորյանը:
Առողջապահական ոլորտում նման խնդիրների ու բացերի հետ զուգահեռ մարդկանց մեծ մասը ծխելու մոլուցքը արդարացնում է սթրեսով և սոցիալական վատ պայմաններով՝ ասում է Լևոն Բադալյանը:
Առողջապահական ոլորտում բացերը շատ են, կան չլուծված բազմաթիվ խնդիրներ, բայց որպեսզի մեր ազգաբնակչությունը հիմնովին փոխի իր վերաբերմունքը առողջության հանդեպ, ուռուցքաբանը խորհուրդ է տալիս՝ երկար ժամանակ ծխող մարդիկ 50 տարեկանից հետո անպայման գնան ճառագայթաբանի մոտ` պրոֆիլակտիկ ստուգման, անգամ եթե չունեն առողջական գանգատներ:
Տարին մեկ անգամ այսպիսի հետազոտությունն անցնելն արժի միջինը 30-40 հազար դրամ՝ գումարը չնչին չէ, բայց առողջության համար տարին մեկ անգամ արժի ստուգվել՝ հորդորում է բժիշկը:




