
Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը, և՛ նրան կալանավորելու որոշումը «բացարձակապես ապօրինի են», հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:
«Ինչպես գիտեք, երեկ որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Ե՛վ գործը, և՛ կալանավորումը ապօրինի են: Սա ակնհայտ քաղաքական ու անձնական հետապնդում է: Սա այն է, ինչ վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա: Սա անձնական ու քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում իրավական դաշտում, որևէ իրավական հիմնավորում չունի», — ասաց նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը:
Նա ներկայացրեց Քոչարյանի երեք փաստաբաններին, որոնք ներկայացնում են գործի, դատական պրոցեսի մանրամասները:





