

Հայաստանը հեպատիտ B-ի և C-ի առումով միջին տարածվածության երկրների շարքում է: Հայաստանում կա 40-50 հազար հեպատիտ B-ով և 70.000 հեպատիտ C-ով հիվանդ:
2016 թվականից ՀՀ բոլոր բուժհիմնարկներում ներդրվել են հեպատիտների հայտնաբերման մեխանիզմներ, որոնք իրականացվում են պետպատվերի շրջանակներում, սակայն վարակիչ հիվանդության բուժումը Հայաստանում վճարովի է:
Բուժվում են հեպատիտները և դրանց բուժումն ի՞նչ արժե Հայաստանում, հուլիսի 28-ի` Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախաշեմին փորձել է պարզել Ռադիոլուրը:
Ոչ ապահով բժշկական միջամտություններ, գեղեցկության սրահներում գործիքների ոչ ճիշտ մանրէազերծում և ներերակային նարկոտիկների օգտագործում: Սրանք հեպատիտներով տարածվածության պատճառներից են: Քաջարանի բժշկական կենտրոնում 2015 թվականին գրանցվեց հեպատիտ C-ով վարակվածության դեպքեր: ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում փոոխանցման եղանակները համընկնում են: Քաջարանի բժշկական կենտրոնում չէին պահպանվել սանիտարահակահամաճարակային կանոնները:

«Դա լուրջ դաս էր ՀՀ-ի համար: Մանրամասն, մանրակրկիտ վերլուծվեց էպիդեմիոլոգիական առումով: Հիվանդների բուժումը իր վրա վերցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը: Հիվանդները հիմնականում ընդգրկվեցին հակավիրուսային բուժման մեջ իհարկե ոչ վերջին ներդրումներով, այլ պեգիլացված ինտերֆերոններով: Եվ բավականին լուրջ տոկոս է գրանցվել այդ հիվանդների մոտ»:
Քաջարանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թադևոսյանը «Ռադիոլուր»-ին վստահեցրեց, որ հիվանդները լիովին բուժված են:
«Բոլոր բուժումն ավարտել են: Քրոնիկ դեպքեր չենք ունեցել:
Բարձր տարածվածության երկրնեում գրանցվում են նաև մորից երեխային վարակին փոխանցման դեպքեր, սակայն մեզ մոտ, ըստ գլխավոր հեպատոլոգի, նման դեպքեր չեն գրանցվել: Ծննդյան առաջին ժամերին կատարած պատվաստումները տալիս են արդյունքներ: ՀՀ-ում Հեպատիտով վարակված 10 երեխա է գրանցված, որոնց մեծամասնությունը պատվաստված չի եղել:
«Վերջերս մեզ մոտ ընդունվել է 7 տարեկան երեխա, սուր հեպատիտ B-ով, որը պատվաստված էր: Ամբողջ ընտանիքը հետազոտելուց հետո պարզվեց` նա վարակվել է իր երեք տարեկան քրոջից, որը պատվաստված չէր: Այսինքն՝ այն երկու տոկոս ոչ էֆեկտիվության մեջ էր մտել այս փոքրիկը»:
Հեպատիտ B-ի դեմ 1992 թվականից իրականացվում է պատվաստում, որի արդյունքում մինչև 14 տարեկան երեխաների շրջանում շուրջ 140 անգամ նվազել է հեպատիտ B-ով վարակվածությունն ու հիվանդացությունը: Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանի խոսքով՝ պատվաստումների հետևողականորեն կատարման դեպքում ըստ տարիների տարիքային խմբերը կավելանան:
«Հաջորդ տարիներին արդեն մինչև 16,17, 18 տարեկան 0-ական դեպքեր»:
Եթե աշխարհում մալարիայով, տուբերկուլոզով, ՄԻԱՎ-ով վարակվածների մահացության դեպքերը նվազում են, ապա հեպատիտի դեպքում տարեկան մահանում է 1.5 միլիոն մարդ: Վերջին տասնամյակում մահացությունն աշխարհում ավելացել է 22 տոկոսով, ասում է Հասմիկ Ղազինյանը: Հայաստանում քիչ են հիվանդության վերաբերյալ իրազեկվածներն ու ախտորոշվածները: Առավել քիչ են բուժումը սկսածներն ու բուժվածները: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում նկատվում է սուր հեպատիտների նվազեցում:
«Ընդ որում սուր հեպատիտ B-ն նվազել է 1,7 անգամ, սուր հեպատիտ C-ն 2 անգամ: Բայց չպետք է մոռանանք, որ սրանք այն դեպքերն են, որոնք ունեցել են ախտանշաններ և դիմել են բժշկական օգնության»:
Լյարդի առաջնային քաղցկեղի շուրջ 60 տոկոսը պայմանավորված են հեպատիտ Բ-ով և Ց-ով: 2016 թվականից ՀՀ բոլոր բուժհիմնարկներում ներդրվեցին հեպատիտների հայտնաբերման մեխանիզմներ, որոնք իրականացվում են պետպատվերի շրջանակներում, սակայն բուժումը ՀՀ-ում վճարովի է և չի մտնում պետպատվերող բուժում հատկացվող հիվանդությունների ցանկում: Հեպտիտ C-ի բուժման կուրսը երեք ամիս է և արժե մոտ 600 ԱՄն դոլարին համարժեք դրամ, այսինքն` ամսական մոտ 100 հազար դրամ:
«Ես չեմ ասում, սա մատչելի է, բայց մատչելի է շատերի համար: Եվ երբ համամետաում եմ հակավիրուսային բուժմ ստացող հիվանդների թվաքանակը , այն տարեցտարի աճում է»:
Հեպատիտ B-ի դեպքում կա ուղեցույց, երբ դադարեցնել բուժումը և երբ այն դարձնել ամբողջ կյանքի ուղեկից: Հիվանդության բուժումը նվազագույնը երկու տարի է, առավելագույնը` ամբողջ կյանքի ընթացքում: Դեղամիջոցի մի հատն այժմ արժե 30 հազար դրամ:




