Հասարակություն

Վերապատրաստման և աշխատանքի հնարավորություն երիտասարդ մասնագետների համար

ՀՀ կառավարության և Լոս Անջելես քաղաքի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտը Լոս Անջելեսի ավագանու անդամ Փոլ Քրեքորյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ համատեղ մեկնարկում է երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր: Վերջինս նախատեսում է 2018 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լոս Անջելեսի քաղաքապետարանում աշխատելու և միաժամանակ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում մի շարք դասընթացներին մասնակցելու հնարավորություն:

ՀՀ կառավարությունն առաջարկում է պրակտիկա Լոս Անջելեսի քաղաքապետարանի հետևյալ բաժանմունքներում.

1. Հանրային աշխատանքների վարչություն, որը պատասխանատու է պետական ծրագրերի, այդ թվում՝ կամուրջների, գրադարանների, ջրամաքրման կայանների նախագծման և կառուցման, փողոցների, լուսարձակների նորոգման, կանաչապատման և այլ աշխատանքների համար:

2. Սանմաքրման կառավարման վարչություն, որը պատասխանատու է կենցաղային կոշտ թափոնների և ջրահեռացման համակարգերի կառավարման համար:

Ծրագրին կարող են դիմել համապատասխան մասնագիտությամբ առնվազն բակալավրի կրթություն և/կամ համապատասխան ոլորտում աշխատանքի փորձ ունեցող, անգլերենի գերազանց իմացությամբ մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիություն ունեցող անձիք:

Ծրագրի շրջանավարտները պարտավորվելու են աշխատել ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունում:

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ (անգլերենով, մինչև մեկ տպագիր էջ) [email protected] էլ. փոստին: Խնդրում ենք նամակում նշել այն վարչությունը, որտեղ ցանկանում եք անցնել պրակտիկան:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 28-ը: Ծրագրի կազմակերպիչները կկապվեն միայն հաջորդ փուլ անցած մասնակիցներ հետ:

Back to top button