

Հայաստանի զբոսաշրջային գրավչություններին եւ բնապահպանական խնդիրներին անդրադառնալիս միջազգային լրատվամիջոցների աչքից չի վրիպում առօրյայում պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկի այսչափ լայն կիրառությունը ու շրջակա միջավայրի` դրանցով աղտոտվածությունը:
Խնդիրը լուրջ է` ասում են մասնագետները: Բնապահպանության նախարարությունն արդեն նախանշում է այս ուղղությամբ ձեռնարկելիք քայլերը: Արդյոք դրանք կարող են սահուն իրականացվել. «Ռադիոլուրն» է փորձել պարզել:
Միջազգային փորձագետները մտահոգված են` մոլորակի մակերևույթի մեկ չորրորդը պատված է պոլիէթիլենային աղբով: Պլաստիկը պրակտիկորեն չի քայքայվում, իսկ հողի մեջ երկար մնալով առաջացնում է առաջին կարգի թունավոր նյութեր: Սրանք էլ բերքի հետ ամենաուղիղ ճանապարհով հասնում են մարդու օրգանիզմ: Կանխել է պետք` ահազանգում են փորձագետները: Կանխել պատրաստվում է նաեւ Հայաստանը: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան:
«Հայաստանում նախաձեռնում ենք մեկանգամյա պլաստիկն արգելող գործընթաց»:
Ծրագիրը լինելու է դեռ փորձնական, կմեկնարկի մեկ համայնքից, կտարածվի մարզում: Նախարարը կարծում է` որոշ ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկրների թվին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործում չի թույլատրվում: Առաջիկա 5-10 տարում այն կարգելվի ողջ աշխարհում` նախարար Գրիգորյանի կանխատեսումն է: Լուրջ գործընթաց է սպասվում` ասում է:
«Հայաստանն այս պահին չի կարող ներդնել գլոբալ արգելք, սակայն սկսում է գործընթացը մեկ համայնքում։ Ծրագրի շրջանակում մենք մի համայնքից սկսած` բոլոր բնակիչներին կբաժանենք կտորից տոպրակներ, կկազմակերպենք մի շարք միջոցառումներ, այդ թվում` կգործարկենք պլաստիկե շշերի վերամշակման գործընթաց»:
Բնապահպանական ռիսկերը` ռիսկեր, բայց արդյոք ռիսկի առաջ չեն կանգնում այն մի քանի տասնյակ տնտեսվարողները, որոնք ներդրումներ են կատարել, պլաստիկի արտադրություն սկսել, տարիների հաշվարկ արել: Այս ոլորտի տնտեսվարողներից Լեւոն Խաչիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում տարակուսում է`
«Մարդը ծախս է արել, ներդրումներ է արել, արտադրություն է հիմնել: Ինչ անի մարդը էդ արտադրությունը: Իսկ նախարարն ինչ այլընտրանք է առաջարկում դրա համար, ինչ այլ տարբերակ: Այս հաստոցներն ինչ անի»:
Տնտեսագետ Գագիկ Վարդանյանն էլ որոշակի վերապահում ունի. արդյո՞ ք սոցիալական խնդիրներն այս պահին կարելի է ստորադասել բնապահպանականին` հարց է բարձրացնում: Բայց նաեւ թեմային այլ կողմից է նայում. ցանկացած ներդրում ունի իր հետգնման ժամկետը, այսինքն` 5-10 տարին լիովին տրամաբանական շրջան է, որ պլաստիկի արտադրության մեջ ներդրումներ արած մարդիկ ետ ստանան իրենց ծախսերը, դեռ մի բան էլ ավելին:
«Ես կարծում եմ` պետք է տնտեսական լծակներով տանել դրան: Եթե արտադրությունը բնապահանական ինչ-որ առումով խոցելի է, պետք է տարբերակված հարկատեսակնե կիրառվեն, եւ այդ դեպքում գործարարները կհասկանան` որպեսզի հարկային բեռն ավելի թեթեւ լինի, պետք է անցնել նոր տեխնոլոգիաների»:
Տնտեսագետ Գագիկ Վարդանյանն էլ իր հերթին է հարց բարձրացնում` պլաստիկին փոխարինող նոր նյութերի մշակման, հին տեխնոլոգիաները նոր, այսպես կոչված «կանաչ տեխնոլոգիաներով» փոխարինելու համար արդյոք մեր ֆինանսական ռեսուրսները բավարար են: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այս առումով մխիթարող պատասխան ունի:
«Ֆինանս կա: Խնդիրներ չպետք է առաջանան, քանի որ բնապահպանության ոլորտում կան բազմաթիվ միջազգային գործընկերներ, որոնք պատրաստ են աջակցել նմանատիպ նախաձեռնություններին։ Ամեն դեպքում, մենք այդ ծրագրի վրա պետբյուջեից միջոցներ չենք ծախսվի»:
Կապանում արդեն իրականացվում է նմանատիպ դրամաշնորհային ծրագիր, այդ թվում` ուղղված պլաստիկի վերամշակմանը։




