

Հայաստանում բնապահպանական մշակույթը շատ ցածր է և Սևանա լճի մամռակալումն ահազանգ է բոլորիս համար՝ այսօր նշել է բնապահպան Կարինե Դանիելյանը: Լիճը ճահճացման վտանգի առջև է կանգնած՝ ասում է: <<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը ներկայումս որևէ վտանգ չի տեսնում: Բնական գործընթացներ են: Տաք կլիմայական պայմաններում կանխատեսելի երևույթ է: Չի բացառվում, որ կարող է ծաղկումը կրկնվել ,<<Ռադիոլուրին>> ասել է ՊՈԱԿ-ի տնօրենը:
Սևանա լճի մամռակալումն ահազանգ է և այն միայն էկոլոգիական խնդիր չէ: Կարծիքը բնապահպան Կարինե Դանիելյանինն է: Իրավիճակի շարունակության դեպքում վտանգվում է նաև ջրի որակը: Այն չի օգտագործվի ոռոգման կամ այլ նպատակների համար: «Դա շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար: Ես չեմ տեսել լիճն այդ աստիճան կանաչած, այդ աստիճան մամուռներով ծածկված: Եվ դա խոսում է նրա մասին, որ լիճը բարվոք վիճակում չի: Ճահճացման գործընթաց է տեղի ունենում»:

Լճում մամռակալման դեպքեր պարբերաբար եղել են 1964 թ-ից, սակայն ոչ այս աստիճան՝ նշեց բնապահպանը: Ջրի կանաչումը խոսում է լճի ոչ բարվոք վիճակի մասին: 2012 թվականին կառավարությանն առաջարկել են չիրականացնել հավելյալ բացթողումներ, քանի որ այն վտանգում է լիճը , գործընթացը կհանգեցնի ճահճացման: Սակայն արվել է այնպես, ինչպես նախատեսվել է: Նույնիսկ ուսումնասիրություն կար, թե ինչպես է լիճն արձագանքում ջրի մակարդակի բարձրացմանն ու իջեցմանը:
«Հենց սկսում ես մակարդակը բարձրացնել, լճի ջրի որակը մոտ մեկ տարի տարբերությամբ սկսում է արձագանքել դեպի լավը: Հենց որ խփում ես իջացնում ես, ոնց որ միանգամից հարվածես լճի գլխին: Միանգամից արձագանքում է վատը»,- ասում է Դանիելյանը:

Բնապահպանի դիտարկմամբ՝ Սևանը նման իրավիճակից ապահովագրված կլիներ, եթե լինեին մաքրման կայաններ, նախապատրաստվեին ափերը , մաքրվեին գետերը: Արդյունքում՝ լիճ թափվող ջրերը օգուտի փոխարեն չէին վնասի: Սրան գումարած էլ լճին վտանգում է ջրի մակարդակի պարբերաբար իջեցումը:
ԳԱԱ հիդրոէկոոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտն ուսումնասիրություններ է կատարում լճում և տեղեկացրել են, որ ջրիմուռները մահանում են, իսկ ձկնաշախարհին վտանգ չի սպառնում: Կանխատեսում են, որ մոտ 10 օրից բարենպաստ իրավիճակ կլինի, փոխանցեց Կարինե Դանիելյանը: «Հիմնականում ձկները կարողացել են խույս տալ այդ տարածքներից, որտեղ ջրիմուռները շատ են աճում և տեղափոխվել են ու այդպիսի վտանգի չեն ենթարկվել»:

<<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը հանգստացնում է. մամռակալումը որևէ վտանգ լճին չի սպառնում: Երևույթը ջրի ջերմաստիճանի բարձրացման արդյունք է: Ձմռան ընթացքում Սևանում ցածր ջերմաստիճան չի գրանցվել, դրան գումարվել է նաև ամռան աննախադեպ տաքացումը: Երևույթը կանխատեսելի էր՝ ասում ՊՈԱԿ-ի տնօրենը: «Բնական գործընթացներ են: Արտառոց բան չկան 2006 թվականին էլ է եղել»:

Ճահճացումն ու ծաղկումը տարբեր գործընթացներ են՝ հավելեց Վահե Գուլանյանը: Նա վստահեցրեց, որ ներկայումս Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողնվելու տեղեկություն չկա: Տարբեր շահագրգիռ կազմակերպություններ բացասաբար են վերաբերում հավելյալ բացթողումներին եւ հուսով են, որ այս տարի հավելյալ բացթողումներ չեն լինի:




