Էմոցիոնալ տատանումներին պետք չէ իրավական նշանակություն տալ. փաստաբանը՝ Պավլիկ Մանուկյանի հայտարարության մասին
Ինչ կփոխվի Սասնա ծռերի գործով ընթացող դավատարական գործընթացում խմբի անդամ Պավել Մանուկյանի երեկվա աղմկահարույց հայտարարությունից հետո:
Նա ոստիկանի սպանության գործում հստակ անուն էր նշել: Փաստաբանն այսօր «Ռադիոլուր»-ին ասել է, որ այդ հատարարությունը ոչինչ չի փոխի դատական գործընթացում:
«Սասնա ծռերի» գործով ընթացող դատական նիստի ժամանակ Պավել Մանուկյանի երեկվա աղմկահարույց հայտարարությունները ոչինչ չեն կարող փոխել, դրանք զրոյական ազդեցություն կունենան դատական գործընթացի վրա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։
Պավել Մանուկյանը հայտարարել էր, թե հիվանդանոցում մահացած ոստիկանի վրա պատահական կրակել էր ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը, ում խափանման միջոցը փոխվել էր և նա ազատ էր արձակվել:
Նա ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատը բացելու գործում ևս մատնացույց էր արել ոչ թե Բիլյանին, այլ խմբի անդամ Մխիթար Ավետիսյանին, ում խափանման միջոցը ևս փոխվել էր ու նա ազատ էր արձակվել:
Հայտարարությունն ավելի ուշ հերքել էին թե’ Էդվարդ Գրիգորյանը, թե’ Մխիթար Ավետիսյանը։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հետ մեկտեղ, եթե հետագայում Պավել Մանուկյանը ցանկանա ցուցմունքով հայտնել այն, ինչի մասին հայտարարեց, կկատարվի քննություն, կգնահատվի հայտարարությունների արժանահավատությունը և ըստ այդմ կորոշվի դատարանի կողմից այս կամ այն ապացույցի առկայությունը, բացակայությունը կամ արժանահավատությունը՝ պարզաբանեց փաստաբան Տիգրան Եգորյանը:
Այնպես որ՝ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել՝ ասաց: Կարո՞ղ է այս հայտարարությունը հիմք հանդիսանալ կալանավորելու խմբի այն անդամներին, որոնց մատնացույց է արել Պավել Մանուկյանը:
Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն անդրադառնալով այս աղմկահարույց հայտարարությանը հստակեցրել էր:
«Մանուկյանի հայտարարությունը խմբի դիրքորոշումը չէ, այլ իր անձնական կարծիքն է»։
Էմոցիոնալ տատանումներին պետք չէ իրավական նշանակություն տալ՝ ասաց փաստաբանը:
Ոչ պակաս աղմկահարույց էր նաև «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունը։ Նա նշել էր, որ «այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ պայքարի ճանապարհները փակված են, զինված պայքարն ընդունելի է»։
Միաժամանակ ճշտել էր, թե իրավիճակ է փոխվել, բայց եթե այն կրկնվի, և, խաղաղ ճանապարհով հնարավոր չլինի իրավունքների վերադարձը, ապա ոչ խաղաղ ճանապարհով գործողությունները կդառնան օրինաչափ»։
Սրան արձագանքել էր վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ նշելով՝ «չկան և չեն կարող լինել վարչապետ Փաշինյանի օրոք հակաժողովրդավարական կարգեր, և չի կարող լինել քաղաքացիների կամարտահայտման այլ ձև, քան խաղաղ, անզեն, ոչ բռնի կամարտահայտումը»: