ԿարևորՀասարակություն

Ռուս պրանկերների հերթական «զոհը» Մոգերինին էր

Համացանցում հրապարակվել են ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի ու Ալեքսեյ Ստոլյարովի հեռախոսային զրույցները Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Պրանկերները նշված պաշտոնյաներին զանգահարել են՝ ներկայանալով իբրև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան: Յունկերի հետ քննարկելով միջազգային իրադրությունը, նրանք  նույնիսկ գործչին հրավիրել են Երևան՝ խորոված ուտելու:

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, հայտնի որպես Վովան և Լեքսուս, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից այս անգամ էլ կատակել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Նրա հետ զրույցում պրանկերները դժգոհել են ԱՄՆ կողմից ճնշումից, ինչին ի պատասխան Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ իրենք ստիպված են կրկին ու կրկին բացատրել պարոն Թրամփին, թե որն է աշխարհի կարգը:

«Նա չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Մենք պետք է համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ գիտակցել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները»:

Հեռախոսազրույցի ավարտին պրանկերները նրան հրավիրել են Երևան, որտեղ առաջարկել են հրապարակում խորոված պատրաստել և «յուրօրինակ ցույց» անցկացնել: Յունկերը պատասխանել է, որ կայցելի մյուս տարի: Այս տարի դա այլևս հնարավոր չէ, իսկ գալիք տարում մենք կգտնենք համապատասխան ժամկետներ ու հնարավորություններ՝ ասել է:

Պրանկերները նաև Քիմ Քարդաշյանի անունն են հոլովել և նշել, որ Յունկերը հավանաբար տեղյակ է, որ Քարդաշյանը ևս կընդգրկվի կառավարության կազմում՝ մասնավորապես ԱԳՆ-ում:

Պրանկերները խոսել են նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Պրանկերների հետ զրույցում Մոգերինին կարևորել է Հայաստանի նոր իշխանությունների լավ հարաբերությունները բոլոր գործընկերների հետ:

«Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է լավ գործընկեր լինել հավասարապես և ԵՄ, և Ռուսաստանի համար և դա  ձեր առավելությունն է, որ դուք ստիպված չեք ընտրել մեկի կամ մյուսի միջև»: 

Ավելի վաղ ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել էին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, ինչպես Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի արդեն նախկին նախարար Բորիս Ջոնսոնին և զրուցել շուրջ 30 րոպե: Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից: Գուցե պրանկերների իր անունից հեռախոսազանգերին անդրադառնա անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կայանալիք ասուլիսի ընթացքում:

Կարդացեք նաև

Back to top button