ԿարևորՀասարակություն

Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Մարտի 14-ին կայացել է Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Գիդո Վեստերվելեի հանդիպումը: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի Հայաստան իր այցելությունը և սպասում է նորից այցելելու հնարավորությանը: Նախարար Վեստերվելեն գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծեց, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ:

Շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշել է, որ անկախությունից ի վեր հայ-գերմանական հարաբերությունները կանոնավոր կերպով զարգացել են, իսկ վերջին տարիներին նոր թափ են ստացել՝ ամրապնդվել և ընդլայնվել։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ դրանք առավել կխորանան: Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկը, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին: «Հայաստանը գերմանական զորախմբի հետ է խաղաղապահ գործունեություն իրականացնում Աֆղանստանում, և այդ ձևաչափով համագործակցությունը ապացուցել է իր արդյունավետությունը»,- ասել է նախարար Նալբանդյանը:

Նախարարները գոհունակությամբ ընդգծել են , որ երկու երկրների միջև զարգանում է փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ստեղծվել է ամուր իրավապայմանագրային դաշտ, ակտիվ են միջխորհրդարանական շփումները, ընդլայնվում են գործարար կապերը:

Զրուցակիցները արծարծել են նաև մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության սերտացման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները անդրադարձ են կատարել կովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանն առնչվող հարցերին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին: Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Նախարարներն անդրադարձել են Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը:

Նախարարները պայմանավորվել են  շարունակել պարբերական հանդիպումները՝ թե փոխադարձ այցելությունների, թե բազմակողմ համաժողովների շրջանակներում: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բունդեսթագի Գերմանիա — Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին։   Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափերից է և ողջունել է Բունդեսթագի պատգամավորների կողմից ձեռնարկվող քայլերն ուղղված հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացմանը: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի արդյունավետ այցելությունը Հայաստան։

Ավարտելով այցելությունը Գերմանիա՝ Էդվարդ Նալբանդյանը ուղևորվել է Աթենք:

Back to top button