Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը մարտի մեկը բացահայտելու քաղաքական կամք ունի, անկախ անձերից, թե ովքեր պետք է ներգրավվեն տվյալ գործում, այդ անձիք կներգրավվեն՝ այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել է Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Նա նաև Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործին է անդրադարձել: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ խոսել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բերման ենթարկվելու և ազատ արձակվելու հարցին:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան էլ լրագրողներին հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ-ն խուզարկություն չի արել:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում կրկին ուժային կառույցների աշխատանքն է: ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը շարունակում են հասարակության շրջանում հայտնի անձանց բնակարանների խուզարկություններն ու, որոշների դեպքում, նաև բերման ենթարկում նրանց: Օրերս Սայաթ Նովա փողոցից բերման էր ենթարկվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր հայտարարեց.
«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքը եղել է օրինական: Մենք ի սկզբանե չգիտեինք՝ զենքն օրինակա՞ն է, թե՞ ոչ, բայց այն, որ մենք տեղեկություն ենք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ և հետևի՝ երկրորդ մեքենայի մեջ կան զենքեր, դա փաստ է, և այդ փաստը ստուգելու համար մենք ներկայացրեցինք ոստիկանություն, որտեղ ստուգվեցին և՝ այո, այդ զենքերն օրինական էին, հիմա փորձաքրեագիտականում են, անցնում են համապատասխան փորձաքննություն»:
Այլ օպերատիվ տեղեկություններ կա՞ն, թե՞ ոչ. հարցին ոստիկանապետն արձագանքեց՝
«Այս պահին սահմանափակվենք այսքանով։ Մշտապես ոստիկանությունն ունենում է օպերատիվ տեղեկություններ, որևէ բան լինելու դեպքում, վստահեցնում եմ Ձեզ, կտեղեկանաք»:
ՀՀ ոստիկանապետը հայտարարեց՝ գործառույթներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքներին համապատասխան:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը դեռ հստակ չի կարող ասել՝ կկալանավորե՞ն Մանվել Գրիգորյանի կնոջը, թե՞ ոչ:
«Այս պահին չեմ կարող հստակ ասել, դա կապված է նաև Նազիկ Ամիրյանի հետագա վարքագծից, նախաքննության ընթացքից»:
Հարցին՝ կա՞ն հիմնավոր ապացույցներ նրան մեղադրանք առաջադրելու համար, ՀՔԾ պետը պատասխանեց.
«Եկեք առաջ չընկնենք, դեռևս նա կասկածյալի կարգավիճակում է, 72 ժամվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»:
Հատուկ քննչական ծառայության պետը հայտարարեց՝ Նազիկ Ամիրյանն ինքնակամ է ներկայացել իրավապահներին: Հարցին՝ հնարավո՞ր է Մանվել Գրիգորյանի գործը երկամսյա ժամկետում ավարտին հասցնել, ՀՔԾ պետն արձագանքեց.
«Չեմ կարծում, բավականին մեծածավալ գործ է, մեծ ծավալի քննչական գործողություններ կան կատարելու, ու, հավանաբար, երկու ամսում չենք հասցնի»:
ՀՔԾ-ն Մարտի 1-ի հետ կապված տեղեկատվություն կհրապարակի իր պաշտոնական կայքում: Տեղեկատվությունը կլինի այն ծավալով, որը գործի շահերին չի վնասի, չի վնասի անձանց անմեղության կանխավարկածին՝ վստահեցրեց Խաչատրյանը.
«ՀՔԾ-ն այդ գործը բացահայտելու քաղաքական կամք ունի։ Աանկախ անձերից, թե ովքեր պետք է ներգրավվեն տվյալ գործում, այդ անձիք կներգրավվեն»:
Ոստիկանապետն ու Հատուկ քննչական ծառայության պետը լրագրողների հարցին պատասխանում էին կառավարության նիստից առաջ: