

«Թավշյա հեղափոխությունից» հետո Ստրասբուրգ մեկնած հայ պատգամավորները, բնական է, որ բացի ԵԽԽՎ լիագումար նիստին եւ տարբեր հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելուց բացի փորձում են նաեւ իրենց առանձին հանդիպումներն ունենալ եվրոպական այդ կառույցում:
Ինչ իրավիճակ է այնտեղ, ինչպես են աշխատում մեր պատվիրակները եւ ինչպիսի մթնոլորտ է ԵԽԽՎ-ում հայաստանյան փոփոխությունների հանդեպ՝ «Ռադիոլուր»-ը զրուցել է Ստրասբուրգում գտնվող մեր պատվիրակների հետ:
Մինչեւ այս ամսվա վերջը ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում կներկայացվի կարծիք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների եւ զարգացումների վերաբերյալ: Մայիսի վերջին այստեղ էին խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները, հետեւել են ամեն ինչին:
Պատրաստվող նյութերի բովանդակությանը ծանոթ է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, սակայն մեզ փոխանցեց, որ փակագծերը բացելու իրավունք դեռ չունի:
Հայ պատգամավորներն առաջին անգամ են Ստրասբուրգում հայաստանյան «թավշյա հեղափոխությունից» հետո: Հենց այդ տեսանկյունից է հետաքրքիր ԵԽԽՎ այս նստաշրջանը: Պատվիրակության կազմում են ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ ում հետ են հանդիպում, միասին, թե առանձին, ինչից են բողոքում եւ ինչ են ակնկալում եվրոպական կառույցից:
Նախորդ նստաշրջանը մեր պատվիրակները բաց էին թողել՝ Ստրասբուրգ հասնելուն պես տեղեկացել էին, որ «թավշյա հեղափոխության» ամենաթեժ շրջանն էր՝ Էրեբունիից բերման էին ենթարկվել 3 պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը: Բոլորն անմիջապես վերադարձան, վերջինը Էդմոն Մարուքյանն էր՝ ամեն ինչ պատմել էր նոր էր եկել, այս անգամ էլ առանձին հանդիպումներ, իհարկե, ունեցել է:
«Թավշյա հեղափոխությանը» անդրադարձ եղել է նաեւ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում: Մեր պատվիրակության անդամ հանրապետական խմբակցությունից պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խոսեց այն տեսանկյունից, որ կատարվածը հայաստանյան ժողովրդավարության ուժի ու հասունության ապացույցն էր:
«Հայաստանում տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում: Այն հնարավոր դարձավ ի շնորհիվ ինչպես զանգվածային հանրահավաքների կազմակերպիչների, այնպես էլ այդ ժամանակվա իշխանությունների պատասխանատվության։ Սա եւս մեկ պատասխան էր բոլոր նրանց, ովքեր մտահոգված էին հայաստանյան ժողովրդավարության ապագայով: Հայաստանյան ժողովրդավարությունը նոր հնարավորություն է ստացել՝ դառնալու ավելի ուժեղ եւ երաշխավորելու իր անշրջելիությունը: Յուրաքանչյուր հնարավորություն, միեւնույն ժամանակ, նաեւ մարտահրավեր է»:
Ինչ է նկատի ունեցել Սամվել Ֆարմանյանը: Ասելիքի փակագծերը շատ չի բացել: Նշել է միայն «Հրապարակ» օրաթերթի դեմ արշավը՝ վտանգ տեսնելով, որ այն կարող է ընկալվել իբրեւ ազատ խոսքի հանդեպ ոտնձգություն: Մարտահրավերների մասին, ամեն դեպքում, մի քանի օրից դեռ կխոսեն Հայաստանի հարցով համազեկուցողները:




