

Հայաստանում տեղի ունեցող ոչինչ նրան անտարբեր չի թողնում: Թավշյա հեղափոխության՝ Սփյուռքի ամենաակտիվ մասնակիցներից էր:
Ոգևորված է նոր Հայաստանով, որտեղ մեծ սիրով կսրբագրեր նախկինում առկա սխալները: Որոնք էին այդ սխալները, ինչպիսին է ամերիկահայ հայտնի ռոք աստղ Սերժ Թանկյանը պատկերացնում իր երազանքի Հայաստանը:
«Ռադիլուր»-ին տված Թանկյանի հարցազրույցի մանրամասները՝ ռեպորտաժում:
Աշխարհի լավագույն մեթալ վոկալիստների ցանկում նա 26-րդ է: Աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի սիրված մենակատարը, վերջին տարիներին առաձնանում է նաև ֆիլմերի համար գրած երաժշտական ստեղծագործություններով, Միացյալ Նահանգներում Սերժ Թանկյանը հայտնի է նաև բարեգործական բազմաթիվ արշավներով, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներով:
Հայերիս համար Սերժ Թանկյանը նախ և առաջ Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարող աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է, իսկ դրա հիմքում գերդաստանի պատմությունն է ու մեծ պապի անձնական ողբերգությունը:
Հայաստանը նրա կյանքի անբաժան մասն է, հետևում է հայրենիքում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, ինչ վերաբերում է թավշյա հեղափոխությանը, ապա Թանկյանը դրա անմիջական մասնակիցներից է: Ինչն էր ձեզ ամենից շատ մտահոգում նախկինում, և ինչ չէիք ցանկանա տեսնել նոր Հայաստանում, «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան արձագանքում է.
«Կոռուպցիան եւ անարդարությունը, որ կազմում էր նախկին իշխանության հիմքը, դրա ներկայությունն էր, որ ամեն ինչին խանգարում էր: Հիմա նոր թափով եւ կոռուպցիայի դեմ նոր պայքարով ամեն ինչ փոխվում է եւ պիտի փոխվի լիովին»:
Սփյուռքի հանդեպ վերաբերմունքի հարցում էլ արվեստագետը փոփոխություն է ակնկալում: Սփյուռքին շնորհակալ ենք, բայց մենք ամենի ինչ գիտենք, մոտեցումն ըստ նրա, անընդունելի է:
Սերժ Թանկյանի խոսքով, Սփյուռքը ոգևորված է հայաստանյան իրադարձություններով և պետք է ավելի ակտիվ ներգրավվածություն ունենա հայրենիքի զարգացման գործում: Ինքը՝ արվեստագետը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ արդեն հանդիպել ու քննարկել է կոնկրետ մի քանի գաղափարներ:
Եվ «Ռադիոլուր»-ի վերջին հարցն ուղղված Սերժ Թանկյանին՝ Հայասատանում ունի արդյոք սիրելի վայր, որտեղ իսկապես հաջողվում է հանգստանալ:
«Դիլիջան, Երեւան, Վանաձոր… ամենահանգիստ տեղը դեռ չեմ գտել Հայաստանում»:
Հայաստանը անսպառ բացահայտումների երկիր է: Թանկյանի ամենասիրելի անկյան որոնումներն էլ այստեղ շարունակվում են:




