Հրդեհ մանկավարժականում. ուսումնավարժանքները շարունակական կլինեն (ֆոտոշարք)
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
ՀՀ ԱԻՆ աջակցությամբ Հայկական պետական մանկավարժական համալսարանի թիվ 3 ուսումնական շենքում այսօր անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն` հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման թեմայով։
Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, ոստիկանության, շտապօգնության, էներգետիկայի նախարարության վթարային ծառայության, «Երևան-գազ» և «Երևանջուր» ՓԲԸ- ների, ինչպես նաև մանկավարժական համալսարանի աշխատակիցները։
Միջոցառմանը հետևում էին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
ԱԻ նախարարը նշեց, որ նման ուսումնավարժանքները կրում են շարունակական բնույթ: Կատարված աշխատանքը ուսումնասիրվում է, արվում են համապատասխան հետևություններ: Հետագայում այսպիսի միջոցառումներ կանցկացվեն նաև մարզերում:
Քանի որ Արմեն Երիցյանը մայիսի 5-ին նախանշված Երևանի ավագանու ընտրություններում գլխավորում է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակը, հարցրեցինք սպասվելիք նախընտրական պայքարի նախապատռաստական աշխատանքների մասին: Երիցյանն ակնկալում է ծանր նախընտրական արշավ մասնակից բոլոր քաղաքական ուժերի համար։