

Հայաստանում է ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալլաքյանը: «Ռադիոլուր»-ին տված բացառիկ հարցազրույցում նա նշել է, որ ոգևորված է Հայաստանի նոր սերնդով, ծննդյան օրը երեկ նշել է Վանաձորում ու հիացած է լոռվա բնությամբ ու մարդկանցով:
«Ռադիոլուրի» հետ զրույցում Բալլաքյանն անդրադարձել է նաև գրականության, մասնավորապես պոեզիայի ազդեցությանը ժամանակակից աշխարում:
2016-ին «Օզոնի հանդես» բանաստեղծությունների ժողովածուի համար «Պոեզիա» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակի արժանացած աշխարհահռչակ գրողի հետ զրույցի մանրամասները՝ ռեպորտաժում:
«Ծննդյանս օրը երեկ նշել եմ Վանաձորում, հետո գնացինք Հաղպատ: Մարդիկ այնքան ջերմ էին ինձ ընդունում, բոլորը տորթ էին առաջարկում: Տարեդարձս երկու տորթով ենք նշել, սա իմ լավագույն ծննդյան օրն էր»,-Ռադիոլուրին տված բացառիկ հարցազրույցում խոստովանում է ամերիկահայ գրող, 2016-ին «Օզոնի հանդես» բանաստեղծությունների ժողովածուի համար «Պոեզիա» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակի արժանացած Փիթեր Բալլաքյանը:
Գրողն առաջին անգամ չէ Հայաստանում, բայց առաջին այցն է թավշյա հեղափոխությունից հետո: Ասում է՝ ոգևորությամբ հետևել է հեղափոխության ամբողջ ընթացքին:
Փիթթեր Բալլաքյանը ոգևորված է մեկ այլ առիթով ևս. Հայաստանում գտնվելու այս օրերին համապատասխան կառույցների ու հրատարակիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Պուլիտցերյան մրցանակի արժանացած իր ժողովածուն՝ «Օզոնի հանդեսը» հայերեն թարգմանելու և հրատարակելու շուրջ:
Գրողն ասում է, որ ինչպես միշտ, այսօր էլ միաժամանակ աշխատում է մի քանի գրքի վրա, ու հայկական թեման դրանցում գերակա է: «Հայաստանի ներկան, անցյալը, մշակույթը, հայ հասարակությունը….միշտ ինձ հետ են»,-ասում է Բալլաքյանը՝ արձագանքելով նաև հարցիս՝ ինչն է նրա մեջ հատկապես ընդգծում ու մատնում իր հայկական ծագումը:
Զրույցի ընթացքում բացահայտում ենք նաև Բալլաքյանի սիրելի վայրերը, որտեղ այցելում է, երբ Հայասատում է:

Ամերիկահայ գրողի վերջին բացահայտումը Լոռվա սարերն են, որոնք , ինչպես ասում է, անընդհատ ձգում են: Հայասատնում այս օրերին բացահայտել է նաև երիտասարդական մեծ ներուժ, նոր սերնդի ձեռերում, ըստ նրա, երկրի ներկան է ու վաղված օրը: Աշխարհահռչակ գրողի հետ զրուցում ենք նաև ժամանակակից աշխարհում գրականության դերի մասին:
Բալլաքյանն ասում է, որ աշխատում է անդադար, գրում է՝ հավատալով, որ իր գրականությունը փոխում ու շարունակելու է փոխել աշխարհը: Հայկական աշխարհի մասին նրա տեսլականը խիստ լավատեսական է:




