

Լոռու մարզի Աքորի գյուղի ոչխարները սատկում են։ Լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ սատկում են բրադզոտից։ Ախորեցիները խնդրում են արոտավայրերում էլ ստուգումներ անցկացնել։
Վստահ են՝ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանը թունավորել է հողերը։
Աքորի գյուղում բրադզոտ կոչվող հիվանդության պատճառով ոչխարները սատկում են: Երկար ժամանակ կենդանիների անկման պատճառները հայտնի չէին: Անասնապահ Մովսես Սիմոնյանը վերադարձել է Ռուսաստանից, հայրենի գյուղում տնտեսություն ստեղծել։ Վստահ է՝ իրենց հողն ու արոտավայրը հարստացված է թունավոր մետաղներով: Պատճառը Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի արտանետումներն են:
«Դուք եկեք առավոտ վաղ ու մի հատ նայեք իմ ասած տարածքի վրա: Դուք էլ գնաք, դուք էլ կխեղդվեք ծխից, գազից»:
Անասնապահ Մովսեսը դժգոհում է. թունավոր ծուխը գյուղում ավելի շատ տարածվեց, երբ գործարանի խողովակներն ավելի բարձրացրին: Իր խոսքով՝ գործարանի շահագործումից դժգոհում են նաև հարևան վրացիները: Կենդանիների անկման հաճախակիության խնդիրն արդեն մոտ երկու տարի է անհանգստացնում է աքորեցի ֆերմերներին: Անասնապահ Մովսեսը խնդրի մասին բարձրաձայնեց, երբ մեկ օրում միանգամից 4 սատկած ոչխար հայտնաբերեց։ Այս տարի կորուստը 40 ոչխար է:
«Ոչխարների հոտը, երբ բերում ենք «Դարքա Խաչ» հանդամասում արածեցնելու, այդ օրը անասունի առնվազն երկու կորուստ ունեցել է:
Հիվանդությունը պարզելու նպատակով դիմել է տեղի անասնաբույժին, համայնքապետարանին ու մարզպետարանին: Ակզբում ախտորոշել են գեմ: Նշանակված դեղորայքը որևէ արդյունք չի տվել: Կենդանիները շարունակել են սատկել: Անասնապահ Մովսես Սիմոնյանը դիմել է գյուղնախարարություն
«10 հատ վակցինա են ուղարկել, էտքան կորստից հետո: Երևի բավարար են համարել»:
Գյուղնախարարությունից «Ռադիոլուրին» պարզաբանեցին, որ երբ ստացել են ահազանգը, արձագանքել են միանգամից: Ուղարկել են անասնաբույժ, անասուններից վերցվել է նմուշառում: Ուղարկվել են նաև վակցինաներ: Փոխվել է արոտավայրը: Այժմ կենդանիները գտնվում են հսկողության տակ, անկում այս պահին չի նկատվում՝ նշեցին: Իսկ վակցինաները, անասնաբույժի ցուցումով, կներակվի, երբ դադարեն անձրևները: Սննդի անվտանգության պետական ծառայությունից էլ հավելեցին, որ իրավիճակը վերահսկվում է և մասնագետները հնարավոր բոլոր կանխարգելիչ միջոցառումներն իրականացնում են:
Սակայն Մովսես Վարդանյանի հորդորը մեկն է՝ հետազոտել արոտավայրերն ու ջուրը՝ գործարանի շահագործման վնասակար ազդեցությունը պարզելու համար:
Պղնձամոլիսդենային գործարանից «Ռադիոլուրին» խոստացան պատասխանել գրավոր դիմումի հիման վրա 5 օրվա ընթացքում։




