

«Հյուսիս-հարավ» մայրուղու «Տրանշ-2» նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը մի շարք խնդիրներ է առաջացրել բնակիչների համար:
Տարիներ շարունակ Դավիթաշեն գյուղի բնակիչները ուղիղ կապով մուտք են գործել Հալաբյան փողոց, իսկ հիմա այդ ճանապարհը փակվել է:
Օրեր առաջ Դավիթաշեն գյուղի բնակիչները կանգնեցրել էին Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարական աշխատանքները և պահանջում էին լուծել իրենց առջև ծառացած խնդիրները։ Իսկ խնդիրներ առաջացան, երբ սկսվեց «Հյուսիս-հարավ» մայրուղու «Տրանշ-2» նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը:

Բնակիչները պահանջում էին մուտք և ելք ապահովել Դավիթաշեն 2-րդ փողոցից նոր կառուցվող մայրուղի, որպեսզի ստեղծված փակուղին վերացվի, Իոսիֆյան փողոցից ուղիղ կապը վերականգնել դեպի Հալաբյան փողոց:
Քաղաքապետարանի կողմից առաջարկվել է շրջադարձը մոտեցնել, իսկ Իոսիֆյան և Հալաբյան ուղիղ կապը հնարավոր չի լինի վերականգնել։ Քաղաքապետարանը պատճառաբանել է, որ այդքան ֆինանսական ծախսեր չեն նախատեսել:
Բնակիչներից կազմված հինգ հոգանոց խումբն այս պահին հանդիպում է տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Կարեն Իսախանյանի հետ: Հանդիպմանը մասնակցում են նաև քաղաքապետարանի ներկայացուցիչները: Այս հանդիպման արդյունքներից կախված կլինեն բնակիչների հետագա գործողությունները։




