
Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն այսօր առաջին անգամ կառավարության նիստն է վարել։ Առաջին անգամ ներկա են եղել նորանշանակ Վալերի Օսիպյանն ու Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նիստին ներկա կառավարության պաշտոնակատար անդամների մեծ մասն այսօր կառավարության նիստին վերջին անգամ են մասնակցել:
Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը հայտարարել է, որ այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար, հստակեցրել է նաև, որ սփյուռքի նախարարն ու փոխոստիկանապես Լևոն Երանսոյանը չեն շարունակի պաշտոնավարել:
Կառավարության նիստից առաջ այսօր էլ ավանդույթը չի խախտվել: Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր է մտել ֆեյսբուքյան իր էջով:
Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին նիստի ու նիստին հաջորդած ճեպազրույցների մանրամասները՝ ռեպորտաժում:
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության շենք մտավ ու դուրս եկավ կենտրոնական մուտքից: Մինչ կառավարության նիստի մեկնարկը՝ նորանշանակ վարչապետը չխախտեց ավանդույթն ու ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ եթեր մտավ՝ ներկայացնելով կառավարության մի քանի սենյակներ, որտեղ ինքն էլ առաջին անգամ է լինում. «Ահա, տեսնենք ինչ կա այստեղ, չհրկիզվող պահարաններ, ննջարանային հատված, որտեղ կարելի է գիշերել, սառնարանն է այստեղ»:

Կառավարության նիստերի դահլիճ Նիկոլ Փաշինյանը մտավ՝ հուսալով, որ կառավարության անդամները լավ աշխատանքային տրամադրություն ունեն:
Կառավարության նիստին նախարարի պաշտոնում վերջին անգամ էր մասնակցում տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը: Նիստից հետո հայտարարեց: «Ես հրավեր չեմ ստացել»:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը հայտարարեց՝ կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր նախարարի նշանակումը: Կառավարության նիստին առաջին անգամ մասնակցում էին նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Երկուսի համար էլ նշանակումն անակնկալ էր:

Ոստիկանապետը հայտարարեց՝ ինչպես «Քայլ արա» շարժման ժամանակ, այնպես էլ այս պահին ժողովրդի կողքին է։
Կադրային փոփոխություններ կլինեն՝ ասաց ոստիկանապետը, չմասնավորեցրեց՝ փոխոստիկանապետը պաշտոնանկ կարվի, թե՝ ոչ: Այս հարցին շատ ուղիղ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լեվոն Երանոսյանը չի պաշտոնավարի: Մյուսների դեպքում չեմ կարող ասել: Չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատավոր»:
Սփյուռքի նախարարը նույնպես պաշտոնանկ կարվի՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հայտնեց՝ այսօր արդեն նշանակումներ կլինեն։ Մինչ այդ, ևս մեկ անգամ հստակեցրեց՝ համաձայնության կառավարություն կձևավորվի:
ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակվում են՝ ասաց: Վարչապետը հայտարարեց՝ քանի դեռ կա հանրային աջակցություն, այդ հանրային աջակցությունը լիարժեք կօգտագործվի երկրի զարգացման նպատակով։

Որ պահից չի լինի հանրային աջակցություն, այդ պահից սկսած կդադարի լինել ՀՀ վարչապետ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց ներկայացրած ծրագիրը շարունակվում է այնպես, ինչպես հայտարարվել է պաշտոնապես: Նշեց՝ մտադիր չէ կառավարության ծրագիրը ԱԺ ներկայացնելու գործընթացը տապալել: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն ամենասեղմ ու տրամաբանական ժամկետում:




