

Ուկրաինայից վերադառնալուց հետո այսօր լրագրողների հետ է հանդիպել երգչուհի Սրբուհի Սարգսյանը: Նա մասնակցում էր «Ուկրաինայի ձայնը» նախագծին երաժիշտ և պրոդյուսեր Պոտապի թիմում՝ դուրս գալով եզրափակիչ:
Հայ հանդիսատեսը երգչուհուն ճանաչում է «X-ֆակտոր» միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որտեղ նա հանդես եկավ երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պիպոյանի թիմում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
Լրագրողների հետ հանդիպմանը երգչուհին այսօր անդրադարձել է սկանդալային միջադեպին. հիշեցնենք՝ նրա ելույթի ժամանակ էկրանին էր հայտնվել ադրբեջանական դրոշը:
«Ուկրաինայի ձայնը» նախագծի հանդիսատեսն ու ժյուրիի չորս անդամները նրան սիրեցին առաջին իսկ նոտաներից: «Ես եկել եմ այս շոու քեզ հանդիպելու համար: Դու հոգու, էներգիայի, խանդավառության ամբողջություն ես»,-ասաց ժյուրիի անդամներից երգչուհի Ջամալան, ի դեպ, մորական կողմից հայկական արմատներով: Սրբուհի Սարգսյանին իր թիմ տանելու համար Սերգեյ Բաբկինը ասաց, թե կինը՝ Սնեժանան, կիսով չափ հայուհի է: ժյուրիի անդամ Պոտապն իր տոհմածառում հայկական որևէ հետք չգտավ, բայց Սրբուհին հենց նրան ընտրեց՝ խոստովանելով. «Սիրտս ընտրում է Պոտապին»: «Ինչու Պոտապին»,-«Ռադիոլուրի» հարցին երգչուհին արձագանքեց.
«Պատապին, որովհետեւ ինքը ինձ հոգեպես հարազատ էր, բացի այդ ես զգում էին, որ նա ինձ ուզում է պաշտպանել»:
Հանդիսատեսի, հեռուստադիտողի ու ժյուրիի բոլոր անդամների ակնհայտ համակրանքը վայելող Սրբուհի Սարգսյանը «Ուկրաինայի ձայնը» նախագծում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը: Արդյունքը երգչուհուն բավարարում է: Ի սկզբանե հայտնի էր, որ ազգությամբ ոչ ուկրաինացին այս նախագծում չի հաղթելու: Փոխարենը սիրվել է, ճանաչում ու համագործակցելու հնարավորություն ձեռք բերել: Թիմի ղեկավար Պոտապի հետ այսօր էլ քննարկում են համատեղ հանդես գալու հնարավոր տարբերակները: Առաջիկա ծրագրերից խոսել չի սիրում, բայց վստահեցնում է. «Լավ բաներ են լինելու»:
Հայկական թավշյա հեղափոխությանը Սրբուհին հետևում էր Ուկրաինայից: Ասում է՝ ուկրաինացիներն արձագանքում էին բարի նախանձով: «Մենք էլ էինք ուզում այսպես խաղաղ, բայց չստացվեց»,-խոստովանել էին ուկրաինացի ընկերները: Երգչուհու ցանկությամբ հայկական հեղափոխությանն է նվիրվել նրա «Human», նախագծում՝ վերջին երգը: Սրբուհին երկար ժամանակ ուշքի չի եկել, երբ հայտանբերել է, որ իր ելույթի ժամանակ էկրանին հայտնվել է ադրբեջանի դրոշը:

Կատարվածի համար երգչուհուց պաշտոնապես ներողություն են խնդրել ուկրաինական հեռուստաալիքն ու «Ուկրաինայի ձայնը» նախագծի կազմակերպիչները: Սկանդալային միջադեպին սոցիալական հարթակում արձագանքել են նաև ադրբեջանցիները՝ Սրբուհուն գրելով, թե դու մեր խաղաղության հրեշտակն ես:




