
Կարեն Կարապետյանը Հայաստան եկավ որպես 14-րդ վարչապետ: Անկուսակցական Կարապետյանը հեռանում է որպես ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ:
ՀՀԿ-ականներ դարձան նաև իր ձևավորած տեխնոկրատների կառավարության անդամների մեծ մասը:
Կարապետյանին հասարակությունն ընդունեց, իր իսկ ձևակերպմամբ, «դրայվով ու դուխով»: Այսօր, սակայն, հասարակության վերաբերմունքը փոխվել է:
Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարի յոթ ամիսը «Ռադիոլուրն» է ամփոփել:
«Դուխով», ինչպես ինքն է ասում, ու «դրայվով», ինչպես իրեն են ասում, Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց ուղիղ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 13-ին: Նա ձևավորեց տեխնոկրատների կառավարություն, իր հետ գործադիր բերեց, ինչպես ինքն է ասում, կուշտ աչքով մարդկանց:
Վարչապետ նշանակվելուց հետո երկար ժամանակ քննարկվում էր Կարեն Կարապետյանի հետ կապված ամեն ինչ՝ հագուկապից մինչեւ շարժուձեւ։ Այնքան, որ լրագրողներն ուղիղ հարց տվեցին վարչապետին՝ ո ՞ վ է զբաղվում իր իմիջով։ Պատասխանն ավելի քան անկեղծ էր: «Դուք ո՞ւմ վրա եք կասկածում»:
Կարեն Կարապետյանն իր հետ կառավարություն մի շարք նորամուծություններ բերեց։ Օրինակ՝ ներդրեց հանձնարարականների ինստիտուտը։ Կառավարության ամեն նիստի սկզբում մի քանի պարտադիր հանձնարարություններ է տալիս։ Չի մոռանում նաև նիստն ավարտել՝ ներկաներին լավ տրամադրություն մաղթելով:
Գործադիրի անդամներից Կարեն Կարապետյանը նախ պահանջեց, հետո սովորեցրեց մտքերը լակոնիկ ձևակերպել: Ծույլ պաշտոնյաների հանդիպեց, բայց չզարմացավ։ Զարմանալու այլ առիթ ուներ:
«Մարզերի համաչափ զարգացում», «Չեմպիոն համայնքներ», «Մաքուր Հայաստան», «Գյուղացուց ֆերմեր». հենց այս ճանապարհին էր, որ Կարեն Կարապետյանը պարզեց, զարմացավ:
Կտրուկ գործողությունների փորձեց գնալ, հրապարակային հայտարարեց. «Արման ողնաշարը ջարդում եք»:
2017-ին Հայաստանի կառավարությունը 7,5 տոկոս տնտեսական աճ գրանցեց եւ, ի դեպ, առանց կախարդական փայտիկի:
Խոստովանեցին՝ թվերը խոստումնալից են, սակայն քաղաքացին խոստումնալից թվերի ազդեցությունն իր վրա չզգաց:
Այսօր արդեն ՀՅԴ կոալիցիայում չէ, քաղաքացիները՝ դժգոհ Կարեն Կարապետյանի կառավարությունից:

Խորհրդարանական կառավարման անցնելուց հետո նա վարչապետ չաշխատեց ընդամենը վեց օր: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարապետյանը կրկին ղեկավարեց կառավարությունը՝ միայն թե պաշտոնակատարի կարգավիճակում: 2017-ի նույն այս օրերին իր հասեցին հնչող սիրո խոստովանություններին արձագանքեց՝ «վերջը լավ ա լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն»:

Մինչ իրենց տուն գնալը, սակայն, Կարեն Կարապետյանը հասցրեց նաև նվագել, սելֆի անել ու սկուտեր քշել արցախցի իր պաշտոնակցի հետ:




