Հիմա մի տեղում հավաքված մեր քաղաքացիներն ասում են վարչապետն այսինչն է, մեկ այլ տեղում հավաքված մեր ժողովուրդը, քաղաքացիներն էլ եթե ասեն վարչապետն այսինչն է, ի՞նչպես ենք ընտրելու՝ ո՞րն է վարչապետը` ՙՇանթ՚ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
ՙԱյդ իսկ պատճառով կա հարթակ, որտեղ վարչապետն իր ծրագիրը պետք է ներկայացնի: Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանն ունի ծրագիր՝ ինչպիսի՞ երկիր է ուզում կառուցել, ի՞նչ թիրախներ է դնում անվտանգության, արտաքին հարաբերությունների, տնտեսական աճի, սոցիալական, արդարության և այլն, բայց հենց մենք պետք է ընտրենք ծրագիրը: Մենք չենք ընտրում լավ, բարոյական, հեղինակություն ունեցող մարդու, մենք ընդունում ենք գաղափարը, և ես չեմ բացառում, որ այն համաքաղաքացիները, որոնք դժգոհ են այսօրվա քաղաքականությունից՝ կարող է իրենք բոլորն էլ ուզում են, որ հենց ինքը լինի վարչապետ, բայց կարող է և ոչ: Կարող է նրանք դժգոհում են այսօրվա կառավարումից, բայց եթե վարչապետի ընտրություն տաս՝ ո՞ւմ ես ուզում՝ այսինչ մարդուն, այնինչ մարդուն, իր ծրագիրը, իր թիմը, կարող է և, պայմանական եմ ասում, պարոն Փաշինյանը չլինի: Այդ իսկ պատճառով մենք ասում ենք Սահմանադրությունն այդ ամբողջը կանոնակարգել է, դուրս եկեք Ազգային ժողով ձեր ծրագրով, և եթե ունեք այդ քվեն՝ ստացեք այն և դարձեք վարչապետ: Բայց մոնոպոլիզացնել՝ ասել, ես եմ միայն վարչապետը, այլ թեկնածու չկա, բանակցությունների ժամանակ ես եմ օրակարգը թելադրում, դու օրակարգի իրավունք չունես, չեմ կարծում, որ մենք ցանկացել ենք այդպիսի հասարակություն ձևավորել՚,- ասել է Կարեն Կարապետյանը։