
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են ընդունել Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ:
Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
«Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի անցմանը խորհրդարանական համակարգի հետեւեցին նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը ս.թ. ապրիլի 9-ին եւ Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում ս.թ. ապրիլի 17-ին: Հայաստանի Ազգային ժողովը ս.թ. ապրիլի 11-ին միաձայն վավերացրեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը:
Այս համատեքստում Եվրոպական միությունը վստահ է, որ Հայաստանի կողմից նոր ջանքեր կգործադրվեն բարեփոխումների ընդգրկուն գործընթացի իրականացման՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ:
Եվրոպական միությունը ուշադրությամբ հետեւում է Երեւանում եւ Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող զարգացումներին: Համաձայն օրենքի՝ քաղաքացիներն ունեն խաղաղ հավաքների ազատության իրացման օրինական իրավունք: Պետական մարմինները պարտավորություն ունեն ապահովելու հանրային անվտանգությունը եւ առողջապահությունը օրենքի արդար եւ համաչափ կիրառման միջոցով: Կարեւոր է, որ ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսեւորել զսպվածություն եւ պատասխանատվություն:
Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը պետական գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու Հայաստանի կողմից ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների իրականացմանը ի շահ քաղաքացիների»:




