

«Վեոլիա ջուր» ընկերության գործունեության վերաբերյալ շարունակում են դժգոհություններ հնչել: Նորից ջրաչափերի տուգանքների հարցով քաղաքացիները դիմում են հասարակական կազմակերպություններին:
Այսօր երկու քաղաքացիներ պետք է հանդիպեին «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ, սակայն հանդիպումը հետաձգվել է: «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ն դիմել է դատախազություն և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Ջրաչարերի հարցով խնդրի զարգացումներին ծանոթացել է «Ռադիոլուրը»:
«Վեոլիա ջուր» ընկերության կողմից ջրաչափերի փոփոխության արդյունքում տուգանված եւ Սպառողների աջակցման կենտրոն դիմած երկու քաղաքացիներ այսօր պետք է հանդիպեին ընկերության ղեկավարության հետ, սակայն ընկերությունը հետաձգել է հանդիպումը: «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ն «Վեոլիա ջրի» գործունեությանն ուղղված մոտ 50-ից ավելի դիմում- բողոք է ստացել:
Դիմումներն էլ հիմնականում Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններից են, Հարավ արևմտյան թաղամասից: Հասարակական կազմակերպությունը գնացել է ահազանգերի հետքերով ու պարզել, որ 2017 թվականի ընթացքում «Վեոլիա ջուր» ընկերությունը 600- ից ավելի (648) ջրօգտագործողների նկատմամբ կազմել է հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մառոզյանի ձևակերպմամբ, ապօրինի ակտեր:
«Հիմնականում գալիս են, քաղաքացուն ասում են, որ փոխում են ջրաչափը, քաղաքացին համաձայնում է: Փոխում են ջրաչափը, հինը տանում են իրենց հետ: Տվյալ պահին ոչ մի արձանագրություն չի կազմվում խախտման կամ ջրաչափի արտաքին միջամտության հետ կապված: Մոտ մեկ ամիս անց քաղաքացուն ակտ է գալիս՝ արտաքին միջամտության հետքեր կան և այլն կամ այլ հետքեր և տուգանում են ինչ-որ մի թիվ»:
Ջրաչափը հեռացնելուց հետո տեղում պետք է տեսուչները կազմեն խախտման մասին արձանագրություն, ինչը չի արվել, հայտարարեց իրավաբանը: Եվ այսօր արդեն տուժած բաժանորդները ընկերության հետ կնքած պայմանագրով սահմանված ժամկետներում վճարում են տուգանքները:
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» ՀԿ-ը դեռ մեկ ամիս առաջ դիմել է «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել: «Վեոլիա ջուր» ընկերությունից, սակայն, մեր հարցմանը պատասխանեցին, որ ընկերության տեսուչները տեղում կարող են միայն արտաքին զննում իրականացնել, այսինքն՝ կնիքը տեղում է, թե ոչ, ապակին կոտրված է, թե ոչ: Սակայն խախտումներ կան, որ լաբորատոր ուսումնասիրության արդյունքում են երևում, ասում է ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:
«Այնտեղ մենք լուսանկարում ենք, լուսանկարները պահում ենք, ջրաչափերն էլ ենք պահում: Դրա համար այն քաղաքացիները, ովքեր ասում են, որ հանիրավի են իրենց ջրի վերահաշվարկ կատարել, նախ, երբ ծանուցագիր են ուղարկում, որ պետք է փոխենջրաչափը, 10 օրվա ընթացքում նեղություն քաշեք գնացեք լաբորատորիա և ներկա եղեք Ձեր ջրաչափերի ստուգմանը, որպեսզի սուբյեկտիվություն չլինի»:
Ջրաչափերի ստուգման գործընթացին չմասնակցելու դեպքում էլ բաժանորդները կարող են դիմել «Վեոլիա ջուր» և նրանց կտրամադրվի ջրաչափերի խախտումներով լուսանկարներն ու կվերադարձնեն նրանց ջրաչափը: 2017 թվականին ընկերությունը փոխել է մոտ 20 հազար ջրաչափ: Եվ այդ 20 հազարից մոտ 650 են եղել խախտումներով: Եթե մանրակրկիտ զննվեն ջրաչափերը, ապա բոլորն են խախտումներով, ասում է ընկերության մամուլի խոսնակը, քանի որ հին ջրաչափերի օգտագործման ժամկետները վաղուց են ավարտվել:
Դրանք տեղադրվել են 2002-2004 թվականին, իսկ արտադրողի կողմից այն տրվում է 5 տարի օգտագործման ժամկետով: Նորով փոխարինված Ց դասի ջրաչափերն ազգաբնակչությանը կծառայեն առնվազն 10 տարի, հավելեց ընկերության մամուլի խոսնակը: Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան դիմել է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ու դատախազությանը: Խաչատուր Մառոզյան.
«Մենք հուսով ենք, որ կբացահայտվի այս ամբողջ գործընթացը։ Ինչ է կատարվել և մեր քաղաքացիների նկատմամաբ կազմված այս բոլոր ակտերը կհամարվեն առոչինչ»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլին 4- ին վարչական վարույթ է հարուցել։ Հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը նշեց.
«Վարույթը կավարտվի, ուսումնասիրությունը կավարտվի, խնդրեմ»:
Դատախազությունից «Ռադիոլուր»-ին հայտնեցին, որ ջրաչափերի հարցով դիմում ստացել են և այժմ այն քննարկման փուլում է:




