

Հանգստյան օրերին հակառակորդը հրադադարը խախտեց Նախիջեւանի սահմանին։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ այժմ սահմանի ողջ երկայնքով դրությունը հանգիստ է։
Փորձագետները հրադադարի խախտումը կանխատեսելի են համարել, քանի որ այդ հատվածում նկատվում է ակտիվ ռազմականացում։’
Հանգստյան օրերին սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը հիմնականում հրաձգային զենքերից մի քանի անգամ խախտեցին հրադադարի ռեժիմը՝ կրակ բացելով հայկական զինված ուժերի ուղղությամբ: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում նշել էր, որ ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին: Այսօր նա «Ռադիոլուրի»-ի հետ զրույցում ներկայացրեց սահմանում տիրող վիճակը:
«Հիմա վիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցներ քիչ են եղել ընդհանրապես սահմանի ողջ երկայնքով: Իրավիճակը նորմալ է, հայկական զինուժը կատարում է իր առջև դրված խնդիրները»:
Նախիջևանյան ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման միջադեպեր թեև տարվա ընթացքում հազվադեպ են արձանագրվում, սակայն դա չի նշանակում, որ նախիջևանյան սահմանը գտնվում է հանգիստ վիճակում: Փորձագետ Կարեն Վերանյանը կարծում է, որ հազվադեպ միջադեպերն ունեն հստակ ուղղվածություն:
«Եթե հայկական կողմը փորձում է վտանգի տակ պահել Բաքուն և այլ ադրբեջանական ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ, Նախիջ ևանի ռազմականացումը ունի հստակ նպատակ՝ մշտական սպառնալիքի տակ պահել Երևանը և ինչու չէ Մեծամորի ատոմակայանը, որը նույնպես լրջագույն խնդիր է, եթե նման սցենար զարգանա և որոշակի գործողություններ իրականացվեն»:
Նախիջևանի կողմից հակառակորդի ակտիվացումը փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով` կանխատեսելի էր, քանի որ վերջին տարիներին Նախիջևանի այդ հատվածն ակտիվ ռազմականացվում էր: Զինտեխնիկան էլ հիմնականում հարձակողական է, ինչնը լուրջ սպառնալիքի տակ կարող է պահել Երևանը՝ ասում է: Փորձագիտական ուսումնասիրության արդյունքներով՝ Նախիջևանի ռազմականացումը հատկապես ակտիվացավ այն ժամանակ, երբ Հայաստանը Ռուսաստանից ձեռք բերեց «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր:
«Այն փորձագիտական գնահատականները, որոնց համաձայն վերջին տարիներին Նախիջևանում ռազմական տեխնիկայի կուտակումները կրում են պաշտպանողական բնույթ, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Դրանք հիմնականում հարձակողական նշանակություն ունեն»:
Ապրիլյան գործողություններն ապացուցում են, որ ցանկացած պահի հնարավոր է ամենանհավանական իրավիճակների զարգացում: Ռազմականացման պարագայում փորձագետը չի բացառում Նախիջևանի տարածքում լարվածության ակտիվացումը:
«Ցանկացած սցենարի հայկական կողմը պետք է պատրաստ լինի , ընդհուպ մինչև ամենահոռետեսականը: Եթե ներառենք նաև մերձավորարևելյան զարգացումները, Թուրքիայի անպատիժ գործողությունները այդ ոլորտում, բնականաբար որևէ սցենար չպետք է բացառել և բոլորը պետք է դիտարկել և հնարավորինս արդյունավետ պատրաստվածության բերել, նաև մեր զինված ուժերը»:
Փորձագետը վստահ է, որ Նախիջևանի ռազմականացումն իրականացվում է Թուրքիայի ուղղակի միջամտությամբ: Ռազմականացումը պայմանավորված է տարածաշրջանի իրադարձություններով, որտեղ հիմնական դերակատարը Թուրքիան է: Այս պարագայում Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ հնարավորինս զսպել Նախիջևանի ուղղությամբ Թուրքիայից եկող սպառնալիքը:




