ԿարևորՔաղաքական

Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ.

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յեն Քելիի, Իգոր Պոպովի և Ժակ Ֆորի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: RIA Novosti-ն, հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն արդեն գտնվում է Փարիզում, որտեղ հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Սակայն, ինչպես բրիֆինգի ժամանակ հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը, Մամեդյարովի և Նալբանդյանի առանձին հանդիպում չի ծրագրվում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախորդ հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացել էր Փարիզում այս տարվա հունվարի 28-ին: ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում կողմերը շարունակել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում խաղաղ գործընթացի խթանման աշխատանքային առաջարկների քննարկումը: Այդ առաջարկները կողմերին էին ներկայացվել 2012-ի հոկտեմբերին: Կողմերը կարծիքներ էին փոխանակել վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցառումների վերաբերյալ:

Back to top button