

Համացանցում բուռն քննարկումներ է առաջացրել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Հայաստան կատարած այցից հետո կատարած գրառումը զբոսաշրջային ծառայությունների ու մեր երկիր թռչելու անհասկանալի բարձր գների հետ կապված:
Հայաստանն իր զբոսաշրջային ահռելի անակնկալով կարող էր գրավել միլիոնավոր զբոսաշրջիկների եւ միլիարդավոր դոլարներ վաստակել:
Բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ չեն վերացվում դրա խոչընդոտները: «Հարց՝ իմ հայ ընկերներին»՝ գրել էր Լապշինը:
«Ռադիոլուրը» բլոգերի հարցը փոխանցել է զբոսաշրջության ոլորտի պետական պատասխանատուին ու փորձել պարզել՝ ինչո՞ւ զբոսաշրջիկների նկատած խնդիրներն իրենք այդպես էլ տարիներ շարունակ չեն նկատում:
Հայաստանն ունի իր զբոսաշրջային քաղաքականությունն ու դրա արդյունքները՝ նախորդ տարի 18.5 % աճ՝ «Ռադիոլուրին» ասում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը՝ անդրադառնալով ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս տարակուսում է՝ ինչո՞ւ են այդքան թանկ Հայաստան թռչելն ու Հայաստանում հանգստանալը:
Լապշինի ամբողջ գրառումը շատ սիրողական էր, որևէ հստակ տվյալ չկար: Իր տված գնահատականներն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Իհարկե, մենք խնդիրներ ունենք, բայց տարօրինակ չափազանցություններ են:
Լապշինը, որն Արցախ այցելելու համար հայտնվել էր ադրբեջանական բանտում, հրապարակավ ցանկություն էր հայտնել՝ այցելել Հայաստան: Արդեն այցից հետո կիսվել էր իր տպավորությամբ ու գրել՝ մայրս տիպիկ օրինակ է, թե ինչո՞ւ զբոսաշրջիկները, Հայաստանի հանդեպ ամենայն համակրանքով հանդերձ, հանգստի համար ընտրոմ են այլ երկիր:
Հայաստանի ներքին տրանսպորտը վատն է: Երևանում մի քանի քաոտիկ ավտոկայան կա, որտեղ շատ դժվար է արտասահմանցի զբոսաշրջիկ համար: Համացանցում հնարավոր չէ գտնել ավտոբուսների երթուղիները դեպի այլ շրջաններ, հասկանալի չէ՝ ինչ արժեն գնացքի տոմսերը, ինչպես հասնել լեռներում գտնվող ինչ—որ եկեղեցի: Ամբողջ հույսը միայն հայերի հյուրընկալության և բարեսրտության վրա է: Երևանում հնարավոր չէ գտնել օրական 50 եվրոյից էժան հյուրանոց, մինչդեռ Լոնդոնում այդ գնի հյուրանոց կարելի է գտնել քաղաքի կենտրոնում:
Հայաստանում բավարար չեն անգլերենով ցուցումները: Հարեւան երկրներում՝ Թուրքիա, Վրաստան, հանգստանալն ավելի էժան է, օրական ծախսն՝ ավելի քիչ: Տաքսու վարորդները զբոսաշրջիկներից ավելի բարձր գումար են պահանջում՝ նկատում է բլոգերը: Մի անգամ, երբ ուզում էի Երևանից Գյումրի գնալ, մեկ ժամ սպասում էինք՝ երբ է վարորդը լցնելու բոլոր նստատեղերը՝ հիշում է Լապշինը:
Հարց՝ իմ հայ ընկերներին: Ինչո՞ւ է Հայաստան թռչելն այդքան թանկ: Իմ մայրը՝ համեստ թոշակառու է, 500 եվրոյով, օրինակ, կարող է մեկ շաբաթ հանգստանալ Փարիզում՝ ներառյալ հյուրանոց և տոմս, Հռոմում, Լոնդոնում: Իսկ Հայաստանում չի կարող, շատ ավելի թանկ է արժենում: Անհեթեթությու՞ն է:
Լապշինի հարցը փոխանցում եմ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին՝ ինչո՞ւ զբոսաշրջիկների նկատած խնդիրներն իրենք այդպես էլ տարիներ շարունակ չեն նկատում:
Խնդիրներ կան, խոսքը նրա մասին չէ, որ չկան: Բայց ասել, որ Հայաստանը այլ երկրների համեմատ թանկ երկիր է, չափազանցություն է: Երկիր չեն մեկնում այն բանի համար, որ այնտեղ էժան է, այլ նրա համար, որ այնտեղ այնպիսի ժամանց կամ փորձառություն են ունենում, ինչպիսին այլ երկրում չեն ունենում: Իսկ ով ասաց, որ մենք պետք է պանիկայի մեջ ընկնենք նրա համար, որ ինչ-որ մեկն ասելէ՝ Հայաստանը թանկ երկիր է: Իրականում այսօր կարող եմ ասել, որ օտարերկրյա զբոսաշրջիկի համար Հայաստանը թանկ երկիր չէ, ավելին՝ շատ հոթ-տուրերով ամենաէժան երկրների ցանկում է լինում երբեմն: Ներսում Հայաստանը շատ ավելի էժան է, քան բազմաթիվ այլ երկրներ:
Իսկ Լապշինի գրառման տակ ամենատարբեր մեկնաբանություններ կան: Մեջբերենք՝
Գյումրիից, կարծես, միայն պոբեդաներ են թռչում: Օդանավակայանն էլ շաբաթը երկու անգամ է բաց:
Ի դեպ, որպես աղջիկ, որեւէ խնդիր չեմ ունեցել Հայաստանում ավտոստոպով երթեւեկելու: Չէի հասցնում անգամ ձեռքս բարձրացնել. տրանսպորտի վրա ոչ մի կոպեկ չեմ ծախսել: Իսկապես ամենահասկանալի փոխադրաձեւն է: Հյուրանոցները խնդիր են՝ կամ մեռած-կորած՝ խրուշչովկայի 5-րդ հարկում, կամ շատ թանկ:
«Զվարթնոցն» աշխարհում ինքնաթիռների ամենաթանկ կայանն է: Այստեղից էլ՝ թանկ ավիատոմսերը:
Որովհետեւ մեզ մոտ ամեն ինչ պատճենված է Ռուսաստանից եւ ամեն ինչ Ռուսաստանի համար է:
Հայաստանում կա այսպես կոչված օդի հարկ՝ 10 հազար դրամի չափով՝ ներառված ցանկացած տոմսի գնի մեջ: Մոտ 22 դոլար՝ ոչ մի բանի համար:
Երեւանում լիքն են հյուրանոցները մինչեւ 50 եվրո արժեքով, եւ դրանք հաստատ ավելի լավն են այն անցքերից, որտեղ դուք կարող եք տեղավորվել Լոնդոնի կենտրոնում՝ 50 եվրոյով: Բավական է չափազանցել:
Великая страна— великие цены:
Ստացվում է Լապշինի հարցը հարց էլ մնում է: Իսկ թանկն ու էժանը՝ իրար խառնված զբոսաշրջիկի ու ոլորտի պատասխանատուի աչքում:




