

«Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում այսօր կմեկնարկի «Երևան հյուրանոցի բնակիչները» նախագիծը, որն իրականացվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ: Մինչև տարեվերջ կազմակերպվող ցուցահանդեսների շարքը նվիրված կլինի հյուրանոցի մշտական բնակիչներին ու նշանավոր հյուրերին: Նրանց թվում են Չարենցը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Թերլեմեզյանը, Մահարին, Փարաջանովը և այլն: «Երևան հյուրանոցի բնակիչները» նախագծի անդրանիկ ցուցադրությունը նվիրված է Վիլյամ Սարոյանին:

Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով 1928 թվականին կառուցվեց Երևանի առաջին հասարակական շենքը: Հենց բացման օրվանից «Երևան» հյուրանոցը հյուրընկալել է Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի, հայտնի արվեստագետների: 1928 թվականին այստեղ են իջևանել գեղանկարիչ Գերոգի Յակուլովը, ռուս գրող Անդրեյ Բելին, 1935-ին՝ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը, ֆրանսիացի օվկիանոսագետ, ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոն:

«Երևան» հյուրանոցն առավելապես հայտնի է եղել մշտական բնակիչներ ունենալու ավանդույթով: 1920-30 ական թվականներին այստեղ ապրել ու ստեղծագործել են Չարենցը, Շիրվանզադեն, Իսահակյանը, հայ մշակույթի ու գիտության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ, որոնց մասին շատ հարուստ վավերագրեր կան Գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում: « Հենց դա էլ առիթ դարձավ նախաձեռնելու «Երևան հյունոցի բնակիչները» համատեղ նախագիծը»,- ասում է թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։

Հիշյալ երևելիներից ընտրվել են մի քանի անուններ, որոնց նվիրված ցուցադրությունները «Գրանդ հոթել Երևանում» կներկայացվեն մինչև տարեվերջ: Այսօր մեկնարկող առաջին ցուցադրությունը նվիրված է Վիլյամ Սարոյանին: Ինչպես արդեն նշվեց, Հայաստան կատարած իր առաջին այցի ժամանակ Սարոյանն իջևանել է «Երևան» հյուրանոցում:

Ցուցադրության համադրող, ԳԱԹ գիտքարտուղար Մարինե Հարոյանի տեղեկացմամբ, պահպանվել է 1935 թվականի հյուրանոցի այցելուների գիրքը, որտեղ 52-րդ համարը ամրագրված է գրող Վիլյամ Սարոյանի անունով: Այս ցուցանմուշից զատ ցուցադրությանը կներկայացվեն նաև Սարոյանի ինքնադիմանկարը, էսքիզներ ու լուսանկարներ «Իմ սիրտը լեռներում է» պիեսի բեմադրությունից ու համանուն ֆիլմից, նաև գրքեր, նամակներ ու այլ վավերագրեր:

Սարոյանին նվիրված ցուցադրությանը կհաջորդի «Կինոն հյուրանոցում» ցուցադրությունը: «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի այն կազմակերպվի «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի օրերին»,- ասում է Հարոյանը: Նրա խոսքով, նախագիծը չի ենթադրում միայն ցուցադրություններ:

Դրանք կուղեկցվեն թեմատիկ հետաքրքիր քննարկումներով, ֆիլմերի դիտումներով, համերգային ծրագրերով: Հյուրանոցի պատմությունից կառանձնավեն ու կներկայացվեն ոչ միայն նրա նշանավոր բնակիչների, այլև շենքի պատմությանն առնչվող ամենատարբեր իրադարձությունների մասին վավերագրերը։

1935 թվականին այստեղ՝ կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի սենյակում, հատուկ տեղադրված դաշնամուրի վրա, Արամ Խաչատրյանը ստեղծել է հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ «Պեպոյի» երաժշտությունը: 20-րդ դարի կինեմատոգրաֆիայի լեգենդ Սերգեյ Փարաջանովը մայրաքաղաքի ամենահին՝ այսօր արդեն 90-ամյա «Երևան» հյուրանոցում է հղացել իր նշանավոր «Նռան գույնը» ֆիլմի դրվագները:




