ԿարևորՔաղաքական

Մեր գլխավոր սկզբունքը առավելագույնս բաց լինելն ու հուսալիությունն է. Վիգեն Սարգսյան

Հայաստանը խաղում է ոչ թե գլոբալ խաղացողների շահերի բախման, այլ համընկնման կետում՝ այսօր Մոսկվայի անվտանգության համաժողովին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ շեշտելով, որ տարբեր ուղղություններով Հայաստանի գործակցությունը պարադոքս չէ:  Հայաստանը կարողանում է համատեղել տարբեր ինտեգրացիոն կազմակերպություններին իր անդամակցությունը։

Պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ տնտեսական հարաբերություններում ևս Հայաստանը պահում է բոլորի հետ համագործակցելու քաղաքականությունը՝ համագործակցելով և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ երկրների, և՛ Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, արաբական ու լատինաամերիկյան պետությունների հետ։

«Ընդ որում՝ մեր գլխավոր սկզբունքը առավելագույնս բաց լինելն ու հարաբերություններում հուսալիությունն է: Մենք մեզ վրա այնպիսի պարտավորություններ ենք վերցրել, որոնց կատարման հարցում վճռականորեն ենք տրամադրված եղել»- ասել է Վիգեն Սարգսյանը:

«Լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ՝ Հայաստանն այս կազմակերպությունն ու Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման գլխավոր արտաքին գործոն։ Մենք հպարտ ենք նրանով, որ հետևողականորեն հանդես ենք եկել ու շարունակում ենք հանդես գալ ՀԱՊԿ ուժային բաղադրիչի զարգացման դիրքերից, և որ հենց Հայաստանի նախագահելու տարվա ընթացքում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից հաստատվել մեր կազմակերպության անվտանգության ռազմավարությունը: Հայաստանը շարունակելու է աշխատել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կարողությունների զարգացման, ինչպես նաև խաղաղապահ ուժերի կայացման համար։

Միաժամանակ Հայաստանն արդյունավետորեն համագործակցում է ՆԱՏՕի հետ՝ անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում։ Հայաստանի խաղաղապահները Լիբանանում և Մալիում ՄԱԿի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու զուգահեռ, մասնակցում են նաև ՄԱԿ ԱԽ կողմից արտոնված ՆԱՏՕի առաքելություններում Աֆղանստանում և Կոսովոյում»:

Կարդացեք նաև

Back to top button