
Նախորդ շաբաթ Թուրքիայի պատրիարքարանում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախաձեռնությամբ կազմավորվեց խորհրդակցական մարմին, որը անդրանիկ նիստի՝ ժամանակ հրապարակեց համայնքին ուղղված համախմբման կոչ:
Համախմբման կոչով Սուրբ Զատկի տոնին ընդառաջ հանդես եկավ նաեւ հենց պատրիարքարանը՝ կարևորելով պատրիարքի ընտրությունները փոխադարձ սիրո ու հարգանքի մթնոլորտում անցկացնելու հարցը: Ըստ կոչ-հայտարարության, պատրիարքի ընտրությունը բոլորի երազանքն է, որին չի կարողանում հասնել համայնքը, եւ ձախողված յուրաքանչյուր փորձ նոր հիասթափության սկիզբ է դառնում:
Մինչ պատրիարքարանը քայլեր եւ տարբերակներ է մշակում պառակտված համայնքը միավորելու համար՝ ընդդիմադիր թեւը կրկին հայտարարում է, որ չի պատրաստվում միավորվել Աթեշյանի հովվապետության ներքո: Ինչպիսի իրավիճակ է ձեւավորվում պոլսահայ համայնքում Սուրբ Զատկից հետո։
Ստամբուլի Սաբանջի համալսարանում մշակութաբանության մագիստրոսական որակավորում ստացած Սոնա Դիլանյանը շուրջ 3 տարի է ապրում է Թուրքիայում։ Նրա համար շոկ էր, երբ հասկացավ, որ հարեւան երկրին անչվող Հայաստանի համար մշտապես օրակարգային հարցերը, ինչպես նաեւ պոլսահայության համար խիստ կարեւոր հարցերը չեն հետաքրքրում Թուրքիային։ Քրդական խնդիրը, Արեւմուտքի հետ հակասությունները, սիրիական զարգացումները ստվերում են մնացած բոլոր հարցերը՝ ասում է:
Հայաստանում նույնպես կարծում են, որ Էրդողանի իշխանություններին Պոլսի պատրիարքարանում, ու հենց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի շուջ ստեղծված զարգացումները չեն հետաքրքրում։ Ստեղծված լարվածության պատճառը ներհամայնքային անհանդուրժողականություն է: Ինչո՞ւ: Քանի որ Աթեշյան փոխանորդի հովվապետական այս 9 տարիների ընթացքում տեղի են ունենում ոչ հայանպաստ գործողություններ, որոնք համայնքը կազմալուծում են: Գրականագետ Վարդան Դեւրիկյանը Աթեշյանի դեմ հաղթանակ տոնելու մեկ ճանապարհ է տեսնում՝ համընդհանուր բոյկոտ եւ Մայր Աթոռի, եւ պոլսահայ համայնքի եւ Հայաստանի կողմից:
Աթեշյանի դեմ բողոքի նոր ալիքի մասին հայտարարում էին դեռ Սուրբ Զատիկից առաջ: «Ակօս» պարբերականի հայկական բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը մեր հետ զրույցում անհնար համարեց Արամ Աթեշյանի շուրջ համախմբումը, քանի որ հայ համայնքին անհրաժեշտ է ընտրված պատրիարք, այլ ոչ՝ նշանակված փոխանորդ:
«Այդ համախմբումը չի ըլլա Աթեշյանի անունի շուրջ: Աթեշյանը չի կրնար ժողովուրդը համախմբեր: Ամեն տեղ Աթեշյան, անպայման դժգոհություններու պիտի հանդիպի, ուր որ գտնվի իրեն դեմ բողոքներ պիտի ըլլան, որովհետև իր այդտեղի գոյությունը բնավ օրինական չէ»:
«Արեւմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ Արագած Ախոյանը կարծում է, որ հայ համայնքն այսօր չպետք է ներքաշվի ներքին դավադրությունների մեջ, որոնք նախագծել են գերտերությունները, եւ այս հարցը կարող է լուծում գտնել նաեւ Թուրքիայի իշխանություններին ցույց տալով՝ սեփական շահը, այն է, որ Աթեշյանը չի կարող նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:




