Հասարակություն

Պայթյունից տուժածներից երկուսը հիվանդանոցից դուրս են գրվել

Երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայի «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում տուժել էր 8 մարդ: Նրանց տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Տուժածներից 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակն է ծանր եղել: Փոքրիկին վիրահատել են, այժմ բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար:

Տեղեկացնենք նաև, որ րոպեներ առաջ լուրեր տարածվեցին, որ Մոսկվայի «Աֆիմոլլ» առևտրի կենտրոնում գտնվող «Բուրգեր Քինգ» ռեստորանում ծխի պատճառով ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել: Հրշեջները ստուգել են տարածքում հրդեհի հնարավոր գաղտնի օջախների առկայությունը:  Ստուգումների արդյունքում՝ հրդեհի օջախ չի հայտնաբերվել: Ծխի պատճառ է դարձել ռեստորանում ուտեստի պատրաստման գործընթացը:

 

 

Այս պահին ես գտնվում եմ Հյուսիսային պողոտայի «Բուրգեր քինգ» արագ սննդի կետի մոտ, որտեղ երեկ երեկոյան պայթյուն էր տեղի ունեցել: Այսօր սննդի կետը կապարակնքված էր, իսկ շրջակա տարածքը՝ ժապավենապատ:  Ըստ նախնական տվյալների՝ սննդի կետի խոհանոցում  պայթել էր գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը: Պայթյունի հետեւանքով տուժել է 8 մարդ։ Նրանց տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ուղևորվում եմ բժշկական կենտրոն՝ տեղում պարզելու տուժածների վիճակը:

Մուտքը բժշկական կենտրոն արգելված էր, տուժածների հարազատները հրաժարվում են խոսել։ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը փոխանցեց, որ  8 տուժածներից երկուսը՝ Իրանի քաղաքացիները, դուրս են գրվել, 6-ի վիճակը հսկողության տակ է:

«Լավ է վիճակները, բավարար են: Մեկ 8 տարեկան երեխայի՝ Ռուբինայի վիճակն է միջին ծանրության: Հետվիրահատական շրջանում է: Մեծ վնասում է եղել, բավականին հաջողված վիրահատություն է կատարվել: Վիճակն այս պահին կայուն է, գիտակցություն ունի, կոնտակտի մեջ է մտնում: Հետևանքների մասին դեռ շուտ է խոսել: Իսկ եղբոր մոտ բազմակի քերծվածքների, սալջարդերի քանակն էր մեծ: Նա մի քանի օր կմնա մեզ մոտ»:

Արագ սննդի կետում  տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը , որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, նշանակվել են փորձաքննություններ։

 

Պայթած բալոնը երեկ առավոտյան է փոխարինվել նորով: Բալոնները մինչ տեղադրումը պետք է պարտադիր զննում անցնեն, երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր ԱԻՆ փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը: Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ պայթած  բալոնը լիցքավորվել է «Կոտայք» գարեջուր գործարանի կողմից շահագործվող  ածխաթթու գազի ստացման տեղամասում:  Բալոնն անցել է փորձաքննություն, տրվել  դրական եզրակացություն:

«Նախարարի հանձնարարությամբ պայթյունից հետո կրկին ստուգվել է այդ  տեղամասընորից տեսել ենք, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է: Ամենայն հավանականությամբ այնտեղ  բալոնի օգտագործման կանոնների խախտում է եղել»:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է տնտեսավարողներին խստիվ պահպանել օրենսդրությամբ սահմանված անվտանգության կանոնները, լինել զգոն։

Կարդացեք նաև

Back to top button