ԿարևորՀասարակություն

Մեր հասարակությունը պատրաստ չէ ընդունելու իրենից տարբերվող անհատների. մասնագետ

Աուտիզմ ունեցող երեխաները սովորաբար ունենում են հաղորդակցման խնդիր, սոցիալական հարաբերություններում պասիվ են ու ապրում են, այսպես ասած, իրենց անձնական աշխարհում:

Չնայած զարգացման բարդ խանգարումներին, աուտիզմ ունեցող երեխաներից շատ շատերը ունենում են բացառիկ ունակություններ։ Այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է:

 

Արտյոմն ամռանը կդառնա 8 տարեկան, մեկ տարի ուշ է գնացել դպրոց՝ իր դասարանի 33 աշակերտներից մեկն է: Թեև աուտիզմ ունի, բայց դպրոցում խնդիր չի ունենում՝ ասում է Արտյոմի մայրը՝ Արուսիկը:

Սեպտեմբերին երեխաները տարօրինակ հայացքներով նայում էին Արտյոմին, բայց շուտ անցավ՝ ուսուցչուհու արհեստավարժ մոտեցման շնորհիվ: Հիմա ամենաշփվող երեխաներից է:

Արտյոմը հոգեբան Հասմիկ Մնացականյանի «երեխաներից» է՝ առավելագույն արդյունք գրանցածներից մեկը: Հոգեբանն ամեն օր աշխատում ու շփվում է աուտիզմ ունեցող երեխաների հետ:

Ցանկալի արդյունքի կարելի է հասնել միմիայն համակարգված աշխատանքի շնորհիվ: Հոգեբանը միայնակ ոչինչ անել չի կարող. թե՛ մասնագետին, թե՛ երեխային օգնություն ու աջակցություն է անհրաժեշտ՝ ասում է:

Համակարգված աշխատանքում իր դերը պիտի ունենա ցանկացածը, և աուտիզմ ունեցող, աուտիզմով ապրող երեխաներին մեկ մասնագետն օգնել չի կարող, վստահ է արդեն տասը տարվա աշխատանքային փորձ ունեցող լոգոպետ, հատուկ մանկավարժ Անի Սարգսյանը:

Լոգոպետը նաև շեշտում է՝ աուտիզմ ունեցող երեխաների հետ ոչ միայն համակարգված աշխատել է պետք, այլև տալ դրսևորվելու հնարավորություն։ Նրանք հաճախ բացառիկ ունակություններ են ունենում՝ ասում է:

Լուսինե Սիմոնյանն արդեն 7 տարի է ղեկավարում է «Մանկական զարգացման հիմնադրամը»: Ասում է՝ փորձս թույլ է տալիս փաստելու, մենք մեծ խնդիր ունենք ոչ միայն աուտիզմ ունեցող երեխաների, այլև հասարակության հետ:

Մեր հասարակությունը պատրաստ չէ ընդունելու իրենից տարբերվող անհատների: Թեև՝ տասը տարի առաջ պատկերն ավելի մտահոգիչ էր՝ արձանագրում է:

Տնօրենը ժպիտը դեմքին՝ Իսրայելի փորձի մասին հույսով է խոսում. թե մի օր մեզ մոտ էլ հասարակությունը միջավայր կստեղծի աուտիզմ ունեցող մարդկանց համար, և կփոխի ոչ թե մարդկանց, այլ հասարակությունը:

Իսրայելում՝ ավիաոլորտում, դիսպետչերական համակարգում աշխատում են միայն աուտիզմ ունեցող մարդիկ՝ իրենց բացառիկ ունակությունների շնորհիվ:

Կարդացեք նաև

Back to top button