

«Եռաբլուր» պանթեոնում հոգեհանգստի կարգ է, խնկարկում ի հիշատակ ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների։ Նշանառու Գրիգոր Հարությունյանի մայրը՝ տիկին Անահիտն է խաչակնքում ու աղոթում որդու համար: Ուժերիդ գերլարումով մոտենում ես նրան ու փորձում ես զրուցել: Նա արդեն հստակ գիտի ի՞նչ հարց են իրեն ուղղելու։ Ասում է՝ ցավը չի մեղմացել:
Հետո արդեն ասում բազմաթիվ անգամ պատմածը՝ ո՞վ, ինչպե՞ս իրեն տեղյակ պահեց որդու զոհվելու մասին. Ասում է, որ մինչ լուրը կհասներ նրան՝ սիրտը վատ բան էր կանխազգում: Գիշերը մի քանի անգամ արթնացավ սրտի ծակոցից, քնած տեղը լսել էր որդու ձայնը՝ հետո ինքն էր հանգստացրել այն հույսով, որ որդու հետ խոսել էր մարտի 31-ին:
Տիկին Անահիտն շտապում էր տուն։ Մյուս որդին, ով այս պահին ծառայում է բանակում, զինվորական արձակուրդ էր եկել:
Առաջին անգամ զինվորները չլսեցին հրամանատարին, անհավասար պայքարը շարունակվում էր… Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը զոհվեցին իրենց հրամանատարի հետ:
«Եռաբլուր» պանթեոնում Քյարամի մայրն է: Նախօրոք մտածված սփոփանքի բոլոր խոսքերն անիմաստ են թվում, սկսում ես բառեր փնտրել, բայց նրանք այնքան ուժեղ են, որ իրենք են քեզ օգնության հասնում: Քյարամի մայրն ասում է, որ մյուս որդուն ճանապարհում է հայոց բանակ ու նույն պահին էլ հավելում՝ հպարտ է իր Քյարամով:

Եթե Մարտակերտում չլինեին Ուրֆանյանի նմանները, հիմա Մարտակերտ քաղաքը հակառակորդի ձեռքում կլիներ։ Ապրիլից հետո շատ բան փոխվեց, սակայն մի բան մնաց անփոփոխ՝ եղած դեպքում այսօր էլ պատրաստ են մեր տղաները հակառակորդին հուժկու հարված հասցնել։ Արմենակ Ուրֆանյանի մայրիկին չի սփոփում հերոսի մայր լինելու գիտակցումը:
![]()
Հանկարծ նկատում եմ, որ «Եռաբլուր» պանթեոն են բարձրանում ապրիլյան պատերազմի մասնակիցները, որոնցից շատերն այսօր բուժվում են նորաբաց վերականգնողական կենտրոնում։ «Ռադիոլուրի» զրուցակիցը Հովհաննես Պողոսյանն է, հիշում է, որ գիշերը պայթյունի ձայն է լսել, որից հետո էլ սկսվել են հիմնական գործողությունները:

Ապրիլյան պատերազմը մեծ դաս էր։ Ու այս երկու տարվա ընթացքում բազմաթիվ փոփոխությունները զգալի են՝ ասում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։
Հավելում է, որ այն խնդիրները, որոնք կային ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանց լուծման համար համապատասխան միջոցներ են ձեռնարկվել: Հակառակորդը այդպիսի ռազմական գործողություն այլեւս չի կարող իրականացնել, քանի որ հայոց բանակը պատրաստ է:
Սակայն լրագրողներին հետաքրքում էր ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած Լելե-Թեփեի բարձունքը արդյո՞ք ռազմավարական նշանակություն չունի, ինչպես պնդում էին ՀՀԿ- ական գործիչներն ու արդյո՞ք դրանով է պայմանավորված, որ քայլեր չեն արվում կորցրած տարածքները հետ բերելու ուղղությամբ:
«Հայրենիքը Հանրապետական կուսակցությանը չէ, եւ հայ ժողովուրդն է որոշելու»:
Նրա խոսքով` Լելե Թեփեն ռազմավարական նշանակության տարածք չի համարվում:

ՀՀ պաշտպանության նախարարն Վիգեն Սարգսյանն էլ Եռաբլուրում հայտարարեց, որ պայքարը չի սկսվում և ավարտվում Լեռնային Ղարաբաղում։
Եզրափակելով խոսքը՝ պաշտպանության նախարարը նշեց, որ չի կարծում, թե պաշտպանության որևէ նախարար երբևէ պետք է իրավունք ունենա նայելու հասարակության աչքերին ու ասելու, որ ամեն ինչ արել են, ամեն ինչ փայլուն է ու որևէ խնդիր չկա։




