

«Թուրքը հարյուր տարի կռիվ կտա, կհաչի կհաչի կսատկի». Հովսեփ պապի կանխատեսումներն են հայ-ադրբեջանական հարաբերությունների ու հակամարտության հանգուցալուծման վերաբեյալ:
92-ամյա Հովսեփ Մելքումյանը Հադրութի շրջանի Ծամձոր համայնքի մոտ քսան բնակիչներիչ մեկն է, ով Բաքվում երկու ինստիտուտ է ավարտել, բարձր պաշտոններ զբաղեցրել ու ադրբեջաներենով թամադայություն արել:
Հայ-ադրբեջանական հարբերությունների մասին իր հիմնավոր կարծիքն ունի նաև Հադրութի շրջանի Բանաձոր գյուղի պարծանքը համարվող ընկեր Մարգոն: 90-անց կինը հայ-արդրբեջանական հակամարտության զարգացումներին ոչ միայն ռադիոյով ու հեռուսատեսությամբ է հետևում, այլև համակարգչով:
Ինը տասնյակից ավելի կյանքի փորձով, երեք պատերազմ անցած ընկեր Մարգոն էլ համոզված է՝ հայը հաղթելու է, իսկ Արցախը ճանաչվելու է:
Ծամձորի բնակիչների թիվը երկու տասնյակը չի գերազանցում: «Ջահելների թիվն ընդամենը մի քանիսն է: Նրանցից մեկը վերջերս երեխա է ունեցել, բայց Ստեփանակերտի հիվանադանոցից չի ուզում տուն բերել: Պայմանները շատ վատ են»,-ասում է Հադրութի շրջանի Ծամձոր համայնքի մեզ հանդիպած տարեց բնակիչներից մեկը՝ Բաղիշ Հայրապետյանը:

Ջահելազուրկ Ծամձորում մեզ հանդիպած մյուս բնակիչը 92-ամյա Հովսեփ Մելքումյանն է:
Ազգային «ինտրիգայի» ժամանակն այս ընտանիքում վրա հասավ 89-ի փետրվարի 26-ին, երբ թալանեցին ու Բաքվից տեղահանեցին նրանց: Հետո սկսվեց մաքառումների ճանապարհը:
Հովսեփ պապի կինն էլ իր տարիքին է: «90 տարեկան է, բայց ինձնից վեց ամսով մեծ է: Փառք աստծո, ոտքի վրա , այգին ու երեկ ծնված ավանակն էլ իր հույսին են»,- Հովսեփ պապը նրանից դժգոհելու առիթ չի տեսնում, չնայած քաղաքական հարցերով մեկ-մեկ վիճում են Միասին երկու աղջիկ են ունեցել:

Մեկն ընտանիքով Տաշքենտում է ապրում, մյուսը՝ Հադրութում:
Թուրքը հարյուր տարի կռիվ կտա, կհաչի կհաչի կսատկի. Հովսեփ պապի կանխատեսումներն են հայ-ադրբեջանական հարաբերությունների ու հակամարտության հանգուցալուծման վերաբեյալ:
«Բաքվում երկու ինստիտուտ եմ ավարտել, ադրբեջաներեն իրենցից լավ եմ խոսել: Այդ լեզվով թամադայություն եմ արել»,-ասում է Բաքվի կենտրոնում ապրած ու այստեղ բարձր պաշտոններ զբաղեցրած Հովսեփ պապը, ով այդուհանդերձ, այսօր չի զղջում, որ կյանքի մայրամուտին աշխարհից ու մարդկանցից մոռացված, ընդամենը երկու տասնյակը չգերազանցող բնակիչ ունեցող Ծամձորում է ապրում: «Սա իմ տունն է», -ասում է,-«այստեղ հանգիստ ենք, ես էլ, պառավս էլ»:
Հադրութի շրջանի Բանաձոր գյուղն այսօր հպարտանում է գյուղի խորհրդանիշ դարձած ընկեր Մարգոյով, ում կենսագրությունն ուղիղ աղերսներ ունի Բանաձորի ծանր, փորձություններով լի, բայց միաժամանակ հերոսական պատմության հետ: Աշխարհի անց ու դարձին ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև համակարգչով հետևող ընկեր Մարգոն վստահեցնում է ՝ արդարությունը հաղթելու է:
Երեք պատերազմ է տեսել ընկեր Մարգոն՝ հայրենական, արցախյան ու քառօրյա, ու համոզված է՝ հայերը հաղթելու են: Հետաքրքրվում է ամեն ինչով, այդ թվում՝ ռազամական արդյունաբերությամբ: Քառօրյա պատերազմի օրերին բացահայտեց, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառված անօդաչու սարքերը մեր գլխին պատուհաս են դարձել, ուստի դրանց արտադրությունն, ինչպես ասում է, պետք է շտապ տեղում կազմակերպել:
«Եթե նրանք դրանով մեզ հարվածելու ձևը գիտեն, մենք էլ դրանք իջեցնելու ձևը գիտենք: Որևէ կասկած չունեմ, միևնույնն է՝ հաղթելու ենք»,-մեկ անգամ ևս վստահեցնում է ընկեր Մարգոն:




