

Տարիների փորձից ընդդիմադիրներն ասում են՝ հետեւություններ արել են եւ այս անգամվա պայքարը իշխանությունում հանրապետականի վերարտադրության դեմ ծավալելու են այլ մեթոդներով: Առաջին քայլերն արդեն արվում են, բայց բոլոր մեթոդները դեռեւս չեն բացահայտվում, թեեւ խոստացվել էր այսօր հրապարակել պայքարի «Ճանապարհային քարտեզը»։ Պայքարի դուրս եկած ուժերը դեռ գործում են առանձին, խորհրդակցությունները շարունակվում են, իսկ ակտիվ գործողությունները ծրագրվում են ապրիլի 9-ից:
Ուսապարկը մեջքին եւ քայլաչափը ձեռքին՝ այսօր առավոտյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արեց իր այս պայքարի առաջին քայլը Գյումրիի Վարդանանց հրապարակից: Ծրագրել է այսօր քայլել 15 կիլոմետր՝ հասնելով Ջաջուռ գյուղ եւ առաջին կանգառը անելով հենց այդ գյուղի մոտ:
Առաջիկա 14 օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը դեռ քայլելով է պայքարելու Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ: «Իմ քայլը» կոչվող քայլարշավի ընթացքում Գյումրիից Երեւան պատգամավորը քայլելու է իր՝ ոչ թե դաշինքային, այլ կուսակցական համակիրների հետ: 350 հազար քայլ կամ 200 կմ ճանապարհը հատելով կանցնեն Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Հրազդան, Աբովյան քաղաքներով:
Առաջիկա 14 օրվա ընթացքում որեւէ տրանսպորտային միջոցից չի օգտվելու: Ծրագրել է Երեւան հասնել ապրիլի 13-ին, ուղիղ ժամը 18.30-ին Ազատության հրապարակ:




