

Սոցիալական ցանցերում մեծ հնչեղություն է ստացել ու բուռն քննարկումների տեղիք տվել մի տեսանյութ, որում Հայաստանի Հանրապետության 19-ամյա քաղաքացի Ասյա Խաչատրյանը պատմում եւ պնդում է, որ փետրվարի սկզբին Արցախում գտնվելիս, առանց որևէ օրինախախտման հայտնվել էր տեղացի ոստիկանների ուշադրության դաշտում, նրանց կողմից ենթարկվել հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների:
Ինչպես պարզվեց ավելի ուշ, արտաքին յուրատիպ տեսքի համար նրան անգամ կասկածել էին լրտեսության մեջ: Գիշերային Ստեփանակերտը դժվար է ընկալում փողոցում ծխող ու մազերը կապույտ ներկող պատանի աղջիկների:
Համացանցում տարածված «Ղարաբաղի ոստիկանները Ասյա Խաչատրյանին. Օրենք Հայաստանում կպահանջես» վերտառությամբ նյութին կից ներկայացված տեսանյութում 19-ամյա Ասյա Խաչատրյանը պատմում է, որ 2018 թվականի սկզբից ընկերուհու հետ գնացել, աշխատել և ապրել է Ստեփանակերտում:
Փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնել է քաղաքով, նրան է մոտեցել երեք ոստիկան, որից հետո, ինչպես պնդում է Ասյան, ընկել է ոստիկանության աշխատակիցների ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ։ 19-ամյա Ասյան պնդում է, որ իրեն առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ ապտակել են, հայհոյել և սպառնացել:
«Երբ բացատրություն պահանջեցի՝ ինչի համար եմ էստեղ, երբ օրենք, ինչքան գիտեմ, ես չեմ խախտել, ասեցին, որ մեզ մոտ կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք՝ գնա և Հայաստանում պահանջի»։
Վերադառնալով Երևան, որոշ ժամանակ անց Ասյան դիմում է Դատախազություն: Ինչից հետո իրենց տուն են այցելում տեղամասի ոստիկանները և փոխանցում, որ նա պետք է ներկայանա 6-րդ վարչություն: Այս պատմության մասին Ասյա Խաչատրյանը տեղեկատցրել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանին, և իր խոսքով, չի ստացել ակնկալվող աջակցություն:
Այդ հայտարարություններին արձագանքել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Մեզ հետ զրույցում Ռուբեն Մելիքյանը մանրամասնեց գործի ընթացքը. «Մենք երեկ մեր օրենքի հիման վրա քննարկում ենք սկսել սեփական նախաձեռնությամբ»:
Արցախի օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե Ասյա Խաչատրյանի պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա ԱՀ ոստիկանության տվյալ ծառայողների գործողությունները անընդունելի է համար և խիստ իրավական գնահատականի են ենթակա ՝ հավելեց Արցախի օմբուդսմենը:
Պարզաբանումների համար դիմեցինք նաև Արցախի ոստիկանությանը, որի լրատվական ծառայության ղեկավար Ֆելիքս Հարությունյանն էլ, մեզ հետ զրույցում, նախ նկատեց, որ Ասյա Խաչատրյանը դիմել է Հայաստանի դատախազություն, ապա հավելեց.
«Հարցազրույցում ասվում է, որ դիմել է Հայաստանի իրավապահ կառույցներին եւ նշում, որ իրեն արդեն հրավիրել են ու համապատասխան սոտւգումներ են իրականացվում: Հայաստանի իրավապահ կառույցների կողմից ստուգումներ իրականացնելուց կամ նյութերը ԱՀ համապատասխան գերատեսչություն ուղարկելուց հետո արդեն իրավական գնահատական կտրվի. aյդ ստուգումների արդյունքներով արդեն կպարզվի բոլոր հանգամանքները»:
Հարցին, թե ԱՈ-ն արդյո՞ք ծառայողական քննություն կկատարի՞, Արցախի ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ նյութերի իսկությունը ստուգելուց հետո միայն այդ հարցը կորոշվի:
Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք նաեւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն: Հայաստանի գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը մեզ հետ հետ զրույցում փոխանցեց հետեւյալը.
«Այս պահին կարող եմ միայն ասել, որ Ասյա Խաչատրյանը մարտի 14-ին համապատասխան դիմում է ներկայացրել ՀՀ դատախազություն: Նախատեսված կարգով քննարկվելուց հետո, այն ուղարկվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ անհրաժեշտ գործողություններ կատարելու եւ դիմումում ներկայացված հանգամանքներն ստուգելու նպատակով»:
Ինչ ընթացք կտրվի գործին՝ հայտնի կդառնա առաջիկայում, երբ սահմանված կարգով 5-օրյա ժամկետում կատարվի եւ ավարտվի գործի հետ կապված նյութերի ուսումնասիրությունը:




