ԿարևորՔաղաքական

Փողոցային պայքար՝վարչապետի դեռ չհայտարարված թեկնածու դեմ

Այս պահին Հայաստանի ներքաղաքական դաշտը զբաղված է բացառապես մեկ խնդրով՝ լուծվում է խորհրդարանական Հայաստանի առաջին վարչապետի հարցը: Թեեւ պաշտոնապես վարչապետի թեկնածուի որեւէ անուն չի նշվել, բայց փողոցում արդեն պայքար է ծավալվում:

Խորհրդարանական ընդդիմության մեծ մասն այս անգամ այլեւս չի ցանկանում դուրս գալ փողոց, փողոցում հայտնված պայքարող հատվածի համար էլ դեռեւս արդիական է հարցը, թե ինչպես հանրությանը համոզել, որ այս պայքարը արդյունավետ  կարող է լինել:

Հայաստանի ներքաղաքական դաշտում փաստացի ստեղծվել է հետեւյալ իրավիճակը՝ վարչապետի որեւէ թեկնածուի անուն դեռ հայտնի չէ եւ չի հրապարակվել, բայց ներքին կարգով շատերը համոզված են, որ իշխանական կոալիցիան կտա Սերժ Սարգսյանի անունը: Այսպիսով՝ դեռ չհայտարարված վարչապետի թեկնածուի դեմ արդեն հայտարարվել է փողոցային պայքար: «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունն իր առաջին զանգվածային միջոցառումը կազմակերպեց մարտի 24-ին:

Քաղաքացիների մեծ մասնակցություն այդ միջոցառմանը չեղավ, բայց նախաձեռնության անդամները գոհ են: Ասում են՝ առաջին հավաքը ճանաչողական էր՝ իրազեկման նպատակով: Կազմակերպվել էր՝ տրամադրություններ ճշտելու համար: Նախաձեռնության անդամներից Դավիթ Հովհաննիսյանը ճիշտ չի համարում իբրեւ ցուցիչ մասնակիցների թվի ընդունումը։

Սերժ Սարգսյանի վարչապետության, այսինքն՝ ղեկավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող նախաձեռնող խումբը հաջորդ հավաքը նախատեսում է ապրիլի 9-ին: Բայց մինչ այդ՝ ձեռքերը ծալած չեն նստելու՝ ասում է նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:

Քաղաքական ուժերից՝ տվյալ դեպքում խորհրդարանական, պայքարի փողոցային տարբերակին միացել է միայն եռակողմ «Ելք» դաշինքի ընդամենը մեկ ճյուղը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը»: Մնացածը նախընտրում են մնալ խորհրդարանում:

Փողոցային պայքարի փորձ ունեցող «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները այս փուլում փորձելու են համակարգային փոփոխությունների հասնել խորհրդարանում: Պայքարի այս տարբերակով որակական փոփոխությունների հասնելու հեռանկարի մասին «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անգամ ժամկետներ նշեց:

Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուների խնդրին՝ «Ծառուկյան» դաշինքում քննարկելու են առաջադրված բոլոր թեկնածուների անունները: Այստեղ համոզված են, որ պատգամավորները վարչապետ նշանակելիս պետք է այլընտրանք ունենան:

Կոալիցիոն ուժերը փողոցային պայքարին այնպիսի հանգստությամբ են վերաբերվում, որ մարտի 24-ի ակցիայի ընթացքում անգամ ոստիկաններ չկային: Պայքարողները դա բացատրում են պարզ տրամաբանությամբ՝ պատմությունը ցույց է տվել, որ ուժի կիրառման արդյունքում մարդկային հոսքը շատանում է: Բացի այդ՝ ցուցարարները պնդում են, որ տեսել են թաքնված ոստիկանների: Ինչ են ասում այս ամենի մասին կոալիցիոն ուժերը լսենք հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին եւ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանին:

Այս ամենին Վահրամ Բաղդասարյանը հավելում է, որ ընդդիմությունը հանգիստ պիտի սպասի մինչեւ 2022 թվականը եւ միայն խորհրդարանի ձևավորման ժամանակ պետք է համապատասխան ձայներ վաստակի՝ սահմանադրական ճանապարհով իր նպատակին, այն է՝ իշխանափոխության հասնելու համար:

Կարդացեք նաև

Back to top button