ԿարևորՔաղաքական

102- րդ ռազմաբազայում ոստիկանական ուժերի տեղակայման շուրջ բանակցություններ են ընթանում. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ այս պահին բանակցություններ են ընթանում Գյումրիում ռուսաստանյան 102- րդ ռազմակայանում ռազմական ոստիկանական ուժերի տեղակայման խնդիրը իրավականը հարթության մեջ լուծելու համար` «Ռադիոլուրին» հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ «Մինչեւ իրավական համապատասխան համաձայնություն, պայմանագիր չլինի, 102- րդ ռազմաբազայի կազմի փոփոխություն տեղի չի ունենա»,- ասել է նա։

 

Նախօրեին «Ռադիոլուրի» հիմնական թողարկման ժամանակ Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդաշարի հեղինակ, քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը քննադատել էր ռազմական ոստիկանական ուժերի տեղակայումը՝ նշելով, որ հայկական կողմը պետք է ինքը վերցնի այդ առաքելությունն իր վրա, միգուցե հայտարարելով, որ Գյումրիի ռազմաբազայի իրավականը խնդիրներով զբաղվի Հայաստանի ռազմական ոստիկանությունը։ Արծրուն Հովհաննիսյանն այս առումով նշել է, որ «ամեն մի պետության ԶՈւ իր կոնկրետ ստորաբաժանումներով է ապահովում իր մարտունակությունը»։

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը նախօրեին հայտարարել էր Գյումրիում ռուսաստանյան 102- րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ ձեւավորելու մասին։ «Նախկինում բազայում կարգուկանոնի պահպանման համար հատկացվում էին առանձին պարեկներ, սակայն դրանց կազմում ընդգրկված զինծառայողները չէին անցնում հատուկ նախապատրաստություն։ Ներկայում ստեղծվող ջոկատներում ներգրավվելու են մասնագետներ, որոնք վարժանքներ են անցել Վլադիկավկազի ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում»,- ասված է Հարավային օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button