

Այսօր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ լսումներ էին հրավիրվել:
Քննարկման թեման «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» հարցն էր:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը` խոսելով դաշտում առկա խնդիրների մասին, ասել է, որ նախկինում էլ իրենց մեղադրում էին, որ դեղատները ազատ վաճառք են իրականացնում:
Չնայած մարտի մեկից ուժի մեջ է մտել որոշ դեղամիջոցներ դեղատոմսով բաց թողնելու որոշումը, բայց ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կարծում է, որ այդ թեմայով լսումներ կազմակերպելը երբեք էլ ուշացած չէ։
Հիմնական զեկուցողը առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էր։ Սա վրդովվեցրեց խմբակցությանը։ Նաիրա Զոհրաբյանն անընդունելի է համարում, որ հարցի ներկայացմանը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկա չէր։ Դա ոչ այլ ինչ է, քան արհամարհանք խորհրդարանի նկատմամբ՝ ասաց Զոհրաբյանը։

Լսումների ժամանակ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտարարեց, որ այն դեղերը, որոնք մինչև այս պահը առանց դեղատոմսի են, կշարունակվեն այդպես վաճառվել։ Իսկ արդյո՞ք դեղատոմսը չի ծառայելու նրան, որ կեղծ դեղերը վաճառվեն, հարցնում է ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
Դեղատոմսը տեսանելի է դարձնում դեղի շարժը ու դեղատոմսով դուրս գրված ցանկացած դեղի վերաբերյալ կարելի է ստանալ ամբողջական տեղեկություն՝ ինչպե՞ս է ներմուծվել, ո՞վ է ներմուծել, ո՞վ նշանակել, ինչպե՞ս է օգտագործվել՝ պատասխանեց փոխնախարարը։
Փոխնախարարը հստակեցնում է՝ ծանր հիվանդների համար թմրամիջոցների տրամադրման կարգն է ավելի պարզեցվել այժմ։ Եղած նախկին արգելքները հանված են եւ բժշկական ցուցումներով, հիվանդի պահանջից ելնելով, ցավը հանգստացնելու համար ցանկացած բուժող բժիշկ կարող է նշանակել նաեւ թմրամիջոց:
«Ծառուկյան» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանը, չբացառեց, որ նախարարությունը դրական գործ է անում, մտահոգ է քաղաքացիների համար, բայց կազմակերպման ձեւը, ինչպես միշտ, վատագույնն է: Իսկ Նաիրա Զոհրաբյան էլ նշեց, որ այս որոշմամբ կանաչ ճանապարհ է բացվել դեղի, իր բնորոշմամբ, «մաֆիայի» համար.
Փոխնախարարը եղած քննադատություններին հակադարձում է՝ նախկինում էլ իրենց քննադատում էին, թե ինչու են դեղատներն ազատ վաճառք իրականացնում։




