

Այսօր սկսվեց եւ ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը, որը հրավիրվել էր կառավարության նախաձեռնությամբ եւ կառավարության առաջարկած օրակարգով:
Օրակարգում ընդգրկված էր 10 հարց, 10 էլ՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծեր էին:
Նրանցից մի քանիսն առնչվում էր առանցքային լիազորությունները երկրի նախագահից վարչապետին փոխանցելուն:
Պատրանքային երկրից մինչեւ դժոխքի ճանապարհ՝ այսօր խորհրդարանում քննարկումների ժամանակ հնչեցին տարաբնույթ մեկնաբանություններ եւ համեմատություններ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվում էր «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այս փաստաթղթով գործնականում սկիզբ է դրվում խորհրդարանական կառավարման ձեւին եւ պետական ապարատը դառնում է խորհրդարանական վերահսկողության օբյեկտ։
Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Գագիկ Կոստանյանի այս կարծիքը չեն կիսում ընդդիմադիր դաշտում: Փաստ է՝ ԱԱ-ն եւ ՆԳ-ն նախարարություն չեն դառնում, հետեւաբար օրենսդրորեն այդ կառույցների ղեկավարները պարտավորված չեն ներկայանալ խորհրդարա,ն ասենք, լսումների կամ հաշվետվությունների։
Օրենքում հատուկ նշված են՝ նախարարները: Վեց տարվա պատգամավորական փորձից այդպիսի հաշվետվողականության որեւէ դեպք չի հիշում Էդմոն Մարուքյանը: Այսուհետ՝ ուժային այդ կառույցների պատասխանատուն վարչապետն է՝ բոլոր իմաստներով:
«Ելք» խմբակցությունը կառավարության կառուցվածքի այլընտրանքային առաջարկ էր ներկայացրել: Նախատեսել էին կազմից ընդհանրապես հանել առնընթեր եւ ենթակա բոլոր մարմինները՝ հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով:
«Քաղաքական որոշման խնդիր է»,- ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հիմնավորելով, որ յուրաքանչյուր կառավարություն ինքն է առաջարկում այն կառուցվածքը, որը կարծում է լավագույնս կնպաստի խնդիրների լուծմանը: Կառուցվածքը կարծրացած չէ եւ կարող է փոխվել այլ իշխանության դեպքում:
Դավիթ Հարությունյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ վեճն ու վիրավորանքն այս դեպքում կապված էր «Ելք»-ի մեկ այլ ցանկության հետ՝ հրապարակային դարձնել ոստիկանության զորքերի թիվը:
Եթե պարզ ասենք՝ ընդդիմության եւ մեծամասնության վեճը նրանում է, որ Սահմանադրությամբ խորհրդարանական կառավարման անցնելուն խանգարում են արագորեն փոփոխվող օրենքները, որոնք համակարգը դարձնում են սուպերվարչապետական: Այս հակասությունը փորձեց շտկված տարբերակով ներկայացնել ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Կոստանյանը:
Նոր համակարգը իբրեւ դրական է ներկայացվում նաեւ այն տեսանկյունից, որ շարքային քաղաքացիներին որոշ հարցերով հանրաքվե նախաձեռնելու իրավունք է տրվում: Անհրաժեշտ քանակի ստորագրությունները հավաքելու համար սահմանված ժամկետը, ըստ էության, անհնարին է դարձնում այդ իրավունքի կիրառումը՝ ասում է ընդդիմությունը եւ կրկին Էդմոն Մարուքյանը:
Երեք ու կես ժամ աշխատելուց հետո խորհրդարանն ամեն դեպքում չմերժեց այսօր քննարկված հարցերից եւ ոչ մեկը: Արտահերթ նիստի բոլոր նախագծերն ընդունվեցին ամբողջությամբ։




