

Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող կազմակերպությունները պահանջում են հանդիպում երկրի նախագահի, վարչապետի ու խորհրդարանի նախագահի հետ։
Նրանք տագնապալի են համարում էթնիկ փոքրամասնությունների պատշաճ ու անմիջական մասնակցության հարցը երկրում որոշումներ կայացնող մարմիններում։
Երկրում ապրող հայերը, ադրբեջանցիները, եզդիները և մյուս, գրեթե բոլոր փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունները համաձայն են, որ Էթնիկ փոքրամասնությունները հիմնականում կոմպակտ բնակեցված վայրերի ղեկավար մարմիններում են (Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի), սակայն խնդիր է նրանց ներկայացվածությունը կենտրոնական ու քաղաքային իշխանությունների կառավարման հարցում:
Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որ գրեթե ամեն տարի իր զեկույցներում իշխանություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել ազգային փոքրամասնությունների ակտիվ ներգրավվածության ուղղությամբ, արդեն 4-րդ անգամ չի պաշտպանում Հանրային հեռուստաընկերության հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնում Իզաբելլա Օսիպովայի (ազգությամբ հայ) թեկնածությունը։ Օմբուդսմեն Նինո Լոմջարիան չնայած երկրի ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող վեց տասնյակ կազմակերպությունների հորդորին, խուսափել է դա անել։
Օսիպովան, որ համակարգում է Օմբուդսմենի գրասենյակին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհուրդը, չի շտապում մեկնաբանել հարցը՝ նշելով, որ գործընթացը դեռ չի ավարտվել․
«Ես արդեն 4-րդ անգամ եմ մասնակցում այս մրցույթին, անցնելով բոլոր փուլերը, սակայն վերջում՝ խորհրդարանում, որևէ մի խումբ (մեծամասնությունը, փոքրամասնությունը, Օմբուդսմենի գրասենյակը կամ Աջարիայի իշխանությունները) իմ օգտին որոշում չի կայացնում»։
«Մենք բոլորս այս անգամ նաև գրավոր միացանք, որպեսզի պատճառ չմտածեն, թե հայ թեկնածուին օրինակ երկրի ադրբեջանցիները չեն պաշտպանի և այլն։ Ադրբեջանական 5 կազմակերպություն է ստորագրել, և ինչում է խնդիրը․․․»,-հարցնում է Վրաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամի ղեկավար Զաուր Խալիլովը։
Նա նշում է, որ հենց Օսիպովայի հարցն է իրենց համար առիթ դարձել դիմել երկրի իշխանություններին․ «Խնդիրը եղել է երեկ, կա այսօր և դեռ լինելու է, եթե մենք վերջնականապես դրան լուծում չտանք»։
«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը երկրի կառավարման, որոշումների կայացման հարցում հայերի, ադրբեջանցիների և մյուս փոքրամասնությունների մասնակցությունը տագնապալի է համարում։
«Օմբուդսմենի կողմից զեկույցների հրապարակումն ու դրանց չհետևելը այնպիսի մեծ հիասթափության է առաջացրել, որ առաջարկում ենք մտածել փոքրամասնությունների ինտեգրման մեթոդներն արմատապես փոխելու մասին։ Մենք ուզում ենք իշխանությունների հետ քննարկել՝ ինչու ազգային փոքրամասնությունները, որ կազմում են երկրի բնակչության 15 տոկոսը գրեթե ներգրավված չեն»։
Հանդիպման մասին կոչին արձագանքել է դեռ միայն խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն՝ կարևորել երկրի տարբեր ազգությունները ներկայացնող քաղաքացիների հետ քննարկումները։ Իշխող կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ, հայաշատ Իսանի-Սամգորի (Թբիլիսի) թաղամասից ընտրված պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց, որ ցավում է, եթե այդպիսի խնդիր կա այսօր․
«Վրաստանը մշտապես եղել է բազմազգ երկիր, որտեղ բոլորն իրենց զգացել են ինչպես տանը։ Կարծում եմ այդ ավանդույթը պահպանվել է, բայց առաջին հերթին ոչ թե ազգային պատկանելիությունը պետք է հաշվի առնել, այլ պրոֆեսիոնալիզմը»։
Ասում է, Ճիճինաձեն՝ նշելով, որ ինքը չի սիրում փոքրամասնություն բառը․ «Նրանք բոլորը մեր երկրի քաղաքացիներն են, որ մեզ հետ կառուցել ու կառուցելու են ժողովրդավարական պետություն»։




