Հասարակություն

«Ռադիոլուր»-ը պարզել է, թե ինչպես են «Չումբոյի» անդամները մուտք գործել դպրոցներ


«Չումբո» նախաձեռնող խումբը, որը երեխաների ժամանցի կազմակերպման ու մշակութային դաստիարակության ծրագրեր է իրականացնում, վերջերս համացանցում տեսանյութ տարածեց, որտեղ ԿԳՆ ներկայացուցիչները և դպրոցի տնօրենները շնորհակալություն են հայտնում նախաձեռնող խմբին:

Մինչդեռ ինչպես նախարարությունը, այնպես էլ Երևանի քաղաքապետարանը հերքում են «Չումբոյի» հետ համագործակցության մասին բոլոր լուրերը: «Ռադիոլուր»-ը մեկնաբանություն է ստացել նաեւ «Չումբոյից»։

Դեռ անցյալ տարի մեծ աղմուկ բարձրացրած  «Չումբո» նախաձեռնող խումբը շարունակում է հայտարարել իր և ԿԳ նախարարության  ու Երևանի քաղաքապետարանի համագործակցության մասին: Ավելին՝ իր ֆեյսբուքյան էջում նախաձեռնող խումբը տեսանյութ է հրապարակել, որտեղ նախարար Լևոն Մկրտչյանը ծրագրի մասին դրական է արտահայտվում, իսկ փոխնախարարն ու դպրոցների տնօրենները շնորհակալություն են հայտնում նախաձեռնող խմբին: «Չումբոն» անցած տարի որոշ դպրոցներում ժամանցային միջոցառումներ եւ հանդեսներ է կազմակերպել, ինչը որոշ մասնագետների եւ ծնողների քննադատությանն էր արժանացել։

Տարածված տեսանյութը նորից կրքեր է բորբոքել։ Ավելի ուշ ինչպես ԿԳ նախարարությունը, այնպես էլ Երևանի քաղաքապետարանը հերքել են համագործակցության մասին բոլոր լուրերը: Ավելին, ԿԳ նախարարությունը առհասարակ դեմ է նշված նախաձեռնությանը ու չի էլ պատրաստվում երբևէ համագործակցել, այսօր ևս մեկ անգամ ընդգծեց  ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Քաղաքապետարանը ևս բացասական է գնահատում «Չումբոյի» գործունեությունը։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը հայտարարեց, որ «Չումբոյի» կողմից հրապարակված տեսանյութը մոնտաժված է, չկա այն հատվածը, որտեղ ինքը դեմ է արտահայտվում այդ նախաձեռնության ծրագրին:

Նախաձեռնության հետ կապված բազմաթիվ բողոքներ ու ահազանգեր են եղել դեռ անցյալ տարի, երբ մի շարք դպրոցների աշակերտների համար կազմակերպվում էին խրախճանքներ կամ դիսկոտեկներ։ Տոթ և պատշաճ օդափոխություն չունեցող սրահում դասերից հետո հարյուրավոր քաղցած երեխաների վաճառվում էր ջուր, չիպսեր, տորթեր՝ հիշում է Երևանի ավագանու անդամ, կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Մինչ Արայիկ Հարությունյանը հավաստիացնում էր, որ հենց քաղաքապետարանի արտոնությամբ են անցկացվել միջոցառումները, նախարարության և քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետերը շարունակում էին պնդել, որ նախաձեռնության անդամների մուտքը արտոնված չի եղել դպրոցներ: Թե իրականում ինչպես են «Չումբոյի» անդամները մուտք գործել դպրոցներ, եթե պայմանավորվածություն չեն ունեցել պատկան մարմինների հետ, փորձեցինք պարզել հենց նախաձեռնության անդամներից: «Չումբոյի» գեղարվեստական ղեկավար Արթուր Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ ամենայն հավանականությամբ թյուրիմացություն է տեղի ունեցել:

Արթուր Պետրոսյանը հայտնեց, որ առաջիկայում «Չումբոյի» ղեկավարությունը հանդես կգա հայտարարությամբ կամ ասուլիսով, որն էլ ամենայն հավանականությամբ կպարզի այդ թյուրիմացությունը:

Կարդացեք նաև

Back to top button