

«Հանուն Հայաստան պետության ճակատ» շարժումը հավակնում է դառնալ այն պլատֆորմը, որը կպայքարի իշխանափոխության համար: Ճակատը պատրաստվում է իր շուրջը համախմբել տարբեր քաղաքական ուժերի, անհատների:
Շարժման համակարգող խորհրդի անդամներ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել են հերթական հանրահավաքն անցկացնելու մասին, խոսել իրենց առաջիկա անելիքներից:
Իշխող հանրապետականում, մինչդեռ, փողոցային պայքարը համարում են տվյալ քաղաքական ուժերի իրավունքը, միաժամանակ՝ համոզմունք հայտնում, որ դրա համար որեւէ պատճառ չեն տեսնում:
Հանրապետական պատգամավոր Տաճատ Վարդապետյանն, օրինակ, համոզմունք է հայտնել, որ դա չէ մեր բարեկեցության ճանապարհը:
«Հանուն Հայաստան պետության ճակատ»-ը հավակնում է դառնալ այն պլատֆորմը, որը կպայքարի իշխանափոխության համար: Ճակատը պատրաստվում է իր շուրջը համախմբել տարբեր քաղաքական ուժերի, անհատների: Այս մասին այսօր կրկին շեշտեցին շարժման համակարգող խորհրդի անդամներ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ու Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը: Արձագանքելով իրենց հայտարարած փողոցային պայքարի վերաբերյալ ընդդիմադիր երբեմնի գործընկերների բնորոշումներին, որ այն ժամանակավրեպ է՝ Սուսաննա Մուրադյանն ասաց.
«Որեւէ բան ժամանակավրեպ չէ երբեք: Առավել եւս՝ էս պայմաններում, երբ որ, իսկապես, շատերի տեսանկյունից երկիրը գլորվում է անդունդը ինտենսիվ»:
Պետրոս Մակեյանի խոսքով էլ՝ «Հանուն Հայաստան պետության ճակատ» շարժումն իր առաջին քայլը համարում է հանրությանը ազդակ ուղարկելն ու հրապարակ բերելը: Հենց դրանից էլ կախված են իրենց հաջողությունները՝ ասաց: Պետրոս Մակեյանը նույնպես արձագանքեց դիտարկմանը, որ իրենց ընդդիմադիր երբեմնի գործընկերները շարժումը համարում են ժամանակավրեպ եւ չեն միանում իրենց հայտարարած փողոցային պայքարին:
«Մենք ասում ենք՝ այս քսան օրը մոռացեք ամեն մեկի արածն ու չարածը, մեղքերը թողեք մի կողմ, միմյանց հանդուրժենք, լռենք, որ կանխենք իշխանությունների վերարտադրությունը»:
Պետրոս Մակեյանի փոխանցմամբ՝ ՔՊ-ի հետ, որն իր գործողությունների ծրագիրն ունի, բանակցությունները դեռեւս վերջնական հանգրվանի չեն հասել: «Երկիր ծիրանի» կուսակցությունն էլ իր քայլերը չի հրապարակվել, որ տեսնեն: Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ իրենց պայքարին միանալու կամ այդպիսի ցանկություն ունենալու հարցին. Ժառանգության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանն ասաց, թե բանակցություններ են տարվում.
«Բանակցողը Արմեն Մարտիրոսյանն է: Բանակցությունները դեռ գնում են, չի բացառվում ինչ-որ պահի միանա ճակատին»:
Ըստ Պետրոս Մակեյանի՝ իրենց քաղաքական բանակցությունները, կոնսուլտացիաները երկու փուլի են բաժանված: Նրա խոսքով՝ մի մասն արդեն համաձայնել են համագործակցության, մի մասն էլ՝ խորհելու, որոշում ընդունելու փուլում են: Առանց կոնկրետացնելու էլ հավաստիացրեց, թե՝ կտրուկ մերժումները շատ ավելի քիչ են:
Իշխող հանրապետականում փողոցային պայքարը համարում են տվյալ քաղաքական ուժերի իրավունքը, միաժամանակ՝ համոզմունք հայտնում, որ դրա համար որեւէ պատճառ չեն տեսնում: Հանրապետական պատգամավոր Տաճատ Վարդապետյանն, օրինակ, շեշտեց, որ յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի եւ, հարգելով բոլորի կարծիքը, ինքը չի կիսում այդ ուժերի տեսակետները.
«Մենք բազմիցս տուժել ենք, զրկանքներ ենք կրել, զոհեր ենք ունեցել այդ փողոցային անտեղի, չհիմնավորված շարժումների արդյունքում: Իհարկե, ես կողմնակից եմ ժողովրդավարությանը, բայց երբ այն նենգափոխվում է, վերածվում է անհիմն հայտարարությունների, արտահայտությունների եւ սադրանքի նախասկիզբ է դառնում, դա ազգի համար աղետ է: Դա ընդունելի չէ եւ ճանապարհը դա չէ մեր բարեկեցության»:




